ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը Բրազիլիայում մասնակցել է «Խոսքից՝ գործողության. COP30-ը դարձնել կլիմա–բնություն համադրված գործողությունների շրջադարձային պահ» բարձր մակարդակի մեկնարկային միջոցառմանը, որտեղ ներկայացրել է Հայաստանի մոտեցումները և տեսլականը՝ համաշխարհային բնապահպանական քաղաքականության համադրման ուղղությամբ։
Ինչպես հայտնում են ՇՄՆ-ից, նա իր ելույթում անդրադարձել է այն իրականությանը, որ կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանության կորուստը և հողերի դեգրադացիան փոխկապակցված ճգնաժամեր են և որոնք պահանջում են միասնական լուծումներ։ Որպես գլոբալ կենսաբազմազանության թեժ կետ հանդիսացող երկիր՝ Հայաստանը լավ պատկերացնում է, թե ինչպես են այս խնդիրներն ազդում բնական ռեսուրսների, լեռնային էկոհամակարգերի և համայնքների կենսունակության վրա։
Ընդգծել է, որ միջազգային արձագանքը չպետք է լինի հատվածական։ ՄԱԿ-ի երեք խոշոր բնապահպանական կոնվենցիաների շրջանակում տեղի ունեցող վերջին գործընթացները ցույց են տալիս, որ աշխարհը պատրաստ է ավելի սերտ համագործակցության։
Էկոհամակարգերի վերականգնումը, անտառների պահպանումը, կայուն հողօգտագործումը և բնության վրա հիմնված լուծումները կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ կլիմայական և հողային քաղաքականությունները ձևավորվում են միասնական տրամաբանությամբ։
Միասնական մոտեցումը բացում է ֆինանսավորման նոր հնարավորություններ․ պետական միջոցները, միջազգային դրամաշնորհներն ու ներդրումները, մասնավոր հատվածի ներգրավվածությունը և նորարարական ֆինանսական մեխանիզմները կարող են աշխատել միասին՝ ընդլայնելով բնապահպանական ծրագրերի ազդեցությունը։ Հայաստանն այս ուղղությամբ ունի արդեն ձևավորված փորձ՝ կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման նախաձեռնությունից մինչև անտառային լանդշաֆտների վերականգնման ծրագրեր։
Որպես ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի COP17-ի հաջորդ նախագահող երկիր՝ ներկայացրել է երկրի հիմնական նպատակները։ Երկիրը կձգտի, որ Գլոբալ վերանայման գործընթացը լիարժեք ներկայացնի կոնվենցիաների միջև կապերը՝ հիմնվելով ազգային զեկույցների, գիտության, միջազգային փորձի և բնիկ ժողովուրդների ու տեղական համայնքների գիտելիքի վրա։
Ամփոփելով իր խոսքը՝ նշել է, որ թեև աշխարհը շարժվում է ճիշտ ուղղությամբ, բայց առաջընթացի արագությունը դեռ բավարար չէ։ Հայաստանը հանձնառու է Երևանում կայանալիք COP17-ը դարձնել հարթակ, որտեղ խոսքերից անցում կկատարվի գործողության՝ ապահովելով շոշափելի արդյունքներ և գործնական համագործակցություն։