Մենք՝ որպես տեքստ մշակող, ըստ էության, արդեն նախատեսել ենք սահմանադրական նորմ, ըստ որի՝ օրենքով կարող են սահմանվել երդվյալ ատենակալների կողմից դատավարության մասնակցելու հիմքեր: Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի՝ երդվյալ ատենակալների վերաբերյալ հարցին:
«Սահմանադրական նորմը, որը կարող է նախատեսվել Սահմանադրության շրջանակներում, այս պահին ունի իմ կողմից նշված տեքստը, բայց պետք է նշեմ, որ այս նորմը դեռևս չի քննարկվել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից, և որպեսզի մենք խոսենք արդեն իրականություն դարձած նորմի գոյությունից, պետք է նախ ունենանք Սահմանադրական բարեփոխումների խորհրդի համապատասխան որոշումը»,- նշեց նախարարը:
Ի՞նչ է արվել նախարարության կողմից: «Մենք ուսումնասիրել ենք տարբեր երկրների փորձը, որ հասկանանք՝ ինչ ուղղությամբ ենք գնալու: Միջազգային փորձը տարբեր է այն իմաստով, թե ո՛ր գործերին են մասնակցություն ունենալու երդվյալ ատենակալները և լիազորությունների ինչպիսի՛ ծավալ են ունենալու: Երբ խոսում ենք լիազորությունների ծավալի մասին, ապա պետք է նշեմ, որ կան երկրներ, որտեղ երդվյալ ատենակալները որոշում են միայն մեղավորության հարցը, կան երկրներ, որտեղ նրանք որոշում են մեղավորության հարցը և կարծիք են հայտնում պատժի նշանակման հետ կապված:
Երրորդ մոդելն այն մասին է, որ երդվյալ ատենակալները որոշում են և՛ մեղավորության հարցը, և՛, ըստ էության, պատժի տեսակը և պատժի չափը: Նաև ուսումնասիրել ենք երդվյալ ատենակալների քանակությունը տարբեր երկրներում և տեսել ենք, որ որոշ երկրներում դրանց թիվը տատանվում է 10-12-ի միջակայքում, որոշ երկրներում՝ հիմնականում եվրոպական, դրանց թիվը շատ փոքր է:
Հաջորդ ամենակարևոր հարցը վերաբերում է այն գործերին, որոնց շրջանակներում պետք է ներգրավվեն երդվյալ ատենակալները: Տարբեր երկրներ այս առումով ևս գնացել են տարբեր ճանապարհներով: Կան երկրներ, որտեղ միայն սպանությունների, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ հանցակազմերի քննությանն են մասնակցում երդվյալ ատենակալները, և կան երկրներ, որտեղ բացի քրեորեն հետապնդելի արարքների քննությունից, երդվյալ ատենակալները մասնակցություն ունեն նաև քաղաքացիական որոշ տեսակի դատավարություններում: Մենք պետք է շարունակենք մեր հետազոտությունները և ընտրենք ՀՀ-ի համար լավագույն մոդելը: Դա կարվի այն բանից հետո, երբ համապատասխան հարցը քննարկվի և հաստատվի Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից»,- ասաց Սրբուհի Գալյանը: