2030-ին սահմանած ռազմավարական թիրախին, այն է՝ 1000 Մեգավատտ արևային կայանների մասով ցուցանիշին հասել ենք ռազմավարական ժամկետից 4 տարի ավելի շուտ: Այս պահին Հայաստանում տեղադրված են ավելի քան 1000 Մեգավատտ հզորությամբ կայաններ, ինչը նշանակում է, որ մենք ոչ թե սուբսիդավորման ծրագիրն ենք դադարեցրել ժամկետից շուտ, այլ ժամկետից շուտ հասել ենք այն ցուցանիշներին, որի համար էր նաև սուբսիդավորվում այս ծրագիրը: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի դիտարկմանը, թե 2026-ին կրճատվել է արևային պանելների տեղադրման համար սուբսիդավորման ծրագիրը: Նա հետաքրքրվել էր՝ կուտակիչների մասով նման ծրագիր նախատեսվո՞ւմ է:
Խուդաթյանը նախ պարզաբանեց՝ սուբսիդավորման ծրագրի դադարեցումը խիստ պայմանական է, քանի որ 2026-ի բյուջեում նախատեսված է շարունակել ֆինանսավորումը տոկոսների մասով:
«Մենք պլանավորում ենք, քննարումների փուլում է սուբսիդավորման ծրագրի շարունակումը, բայց դիտարկում ենք բացառապես արևային մարտկոցների տեղադրումը շարունակել կուտակիչ կայանների հետ կապված, կամ առանձին սուբսիադավորել արդեն գոյություն ունեցող արևային կայաններում մարտկոցների տեղադրումը մի պարզ պատճառով. որովհետև 1000 Մեգավատտ հզորությամբ կայաններ ունենալը Հայաստանի էներգահամակարգում որոշակի բարդություններ է առաջացնում:
Իհարկե, վարչապետի կողմից խնդիր է դրվել ոչ մի պարագայում չխոչընդոտել որոշումների կայացումով ոլորտի զարգացումը, և մենք շարունակում ենք այս ճանապարհով, բայց մենք պետք է ընդունենք, որ որոշակի խնդիրներ կան՝ պայմանավորված այն հանգամանքով, որ արևային կայաններն օրվա որոշ ժամերին խիստ որոշակի արտադրականությամբ էներգաարտադրող կառույցներ են, նաև խիստ սեզոնայնություն ունեն. դա է, որ որոշակի անկայունություն է մտցնում մեր էներգահամակագում: Բայց մեր էներգետիկ բլոկը դեռևս կարողանում է իր առջև դրված այս խնդիրը, այն է՝ էներգահամակարգի կայունությունը, ապահովել:
Հետևաբար, այո՛, դիտարկում ենք սուբսիդավորման ծրագրի նոր մեկնարկը, բայց կա՛մ բացառապես կուտակիչ կայանների հետ զուգահեռ, կա՛մ բացառապես կուտակիչ կայանների համար»,- ասաց նա: