Նախորդ տարիներին տնտեսական բարձր աճի կարճաժամկետ գործոնների ազդեցություններն աստիճանաբար չեզոքանում են, այս պայմաններում ներուժային կայուն տնտեսական աճի ապահովումն էապես կախված կլինի Կառավարության նպատակադրած՝ արտադրողականության բարձրացման, արտահանման խթանման և ներդրումային բարելավմանն ուղղված քաղաքականությունների արդյունքից: Այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը ներկայացնելիս:
«2026-ին հարկաբյուջետային քաղաքականությունն առաջնորդվելու է 5,4 տոկոս տնտեսական աճի ապահովման ելակետից՝ շեշտադրելով հարկաբյուջետային կոնսոլիդացիայի և պարտքի կայունության ապահովումը, ինչպես նաև տնտեսական ներուժի՝ վերջին տարիներին ձևավորված բարձր մակարդակի պահպանումն ու աճի նպաստումը»,- ասաց Գալստյանը:
Նրա խոսքով՝ ստեղծված աշխարհաքաղաքական և տնտեսական անորոշության պայմաններում առկա են էական արտաքին և ներքին ռիսկեր տնտեսական ներուժը պայմանավորող գործոնների կայունության և տնտեսական հեռանկարի հնարավոր սցենարների տեսանկյունից:
Այս պայմաններում, ըստ Գալստյանի, ռիսկերի արդյունավետ կառավարման տեսանկյունից կարևորվում է պահուստային ֆոնդի օգտագործման խիստ սահմանափակումների առկայությունը՝ ուղղված բացառապես մակրոտնտեսական ռիսկերից բխող հնարավոր լրացուցիչ ֆինանսական պահանջների բավարարմանը:
ԿԲ նախագահը տեղեկացրեց՝ 2026 թվականի համար ծրագրվել է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ընթացիկ տարվա սպասվող ցուցանիշի համեմատ ևս 0,4 տոկոսային կետով աճ, որի արդյունքում հարկերը կկազմեն ՀՆԱ-ի 24,9 տոկոսը: