Հարկաբյուջետային կոնսոլիդացիայի նպատակադրման ներքո ՀՆԱ-ում հարկերի նախանշված աճի և ծախսերի կրճատման արդյունքում 2025-ի համեմատ սպասվող ցուցանիշի համեմատ բյուջեի պակասուրդ-ՀՆԱ հարաբերակցությունը կնվազի 1 տոկոսային կետով՝ ապահովելով ՀՆԱ-ում 4,5 տոկոս մակարդակ:
Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը ներկայացնելիս ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով՝ արդյունքում՝ հարկաբյուջետային քաղաքականությունն ամբողջական պահանջարկի վրա կունենա թույլ զսպող ազդեցություն:
2026-ին Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կաճի 2,8 տոկոսային կետով և կկազմի 53,5՝ ձևավորվելով 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում սպասվող հետագծից ավելի ցածր և հարկաբյուջետային կանոնով սահմանված շեմային 50 տոկոսից բարձր մակարդակում:
«ՀՀ Կառավարության պարտքի ավելացման և առկա մակրոտնտեսական ռիսկերի կառավարման համատեքստում կարևորվում են ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումը և հնարավոր ռիսկերի կառավարման կարողությունների ձևավորումը»,- ասաց Կենտրոնական բանկի նախագահը՝ ընդգծելով, որ պարտքի աճի տեմպը կնվազի և Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2028-ին կկայունանա 54,2 տոկոսի սահմաններում: