2026 թվականի պետական ծախսային քաղաքականությունը, շեշտադրելով մի կողմից անհրաժեշտ կոնսոլիդացիայի իրականացումը, իսկ մյուս կողմից՝ մարդկային կապիտալում ներդրումների աճի և տնտեսության ներուժը խթանելու նպատակադրումները, շարունակելու է պետական ծախսերի՝ ՀՆԱ-ում կրճատման թիրախավորումը: Այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը ներկայացնելիս:
Նրա խոսքով՝ 2026-ին և միջնաժամկետ հատվածում թեև կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում 2025-ի համեմատ նվազում է, սակայն այն կայունանում է պատմական ցուցանիշներից բարձր մակարդակում:
«Արդյունքում՝ 2025-ին սպասվող ցուցանիշների համեմատ կապիտալ ծախսերի 0,7 և ընթացիկ ծախսերի 0,1 տոկոսային կետ նվազումների շնորհիվ պետական ծախսերը ՀՆԱ-ում կկազմեն 0,8 տոկոսային կետով ցածր՝ կազմելով 30,4՝ ամբողջական պահանջարկի վրա ունենալով զսպող ազդեցություն:
Ընդ որում՝ 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի համեմատությամբ բյուջեի նախագծում նախատեսված է ՀՆԱ-ում պետական ծախսերի ավելի բարձր մակարդակ՝ պայմանավորված ընթացիկ ծախսերի աճով, իսկ կապիտալ ծախսեր-ՀՆԱ հարաբերակցությունը համահունչ է 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրին՝ կազմելով 5,9 տոկոս»,- հայտնեց Մարտին Գալստյանը: