Սահմանադրության խախտում չէ՞ այն, որ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի տարածքային մաս: Հարցին՝ ՀՀ վարչապետը հայկական կողմի ընկալումը ներկայացրեց, ըստ որի՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականություն է իրականացնում, իսկ հայկական կողմի խնդիրն է ամեն ինչ անել այդ քաղաքականությունը թույլ չտալու համար, եթե հնարավոր է՝ այդ քաղաքականությունը փոխելու ուղղությամբ, այդ թվում՝ Բաքու-Ստեփանակերտ ինստիտուցիոնալ երկխոսության միջոցով:
«1989 թվականին ՀՀ Գերագույն խորհուրդը և ԼՂ-ի Ազգային խորհուրդը որոշում են կայացրել Հայաստանի և ԼՂ-ի վերամիավորման վերաբերյալ: 1990 թվականին ՀՀ-ն ընդունել է Անկախության հռչակագիր՝ հղում անելով նաև այդ որոշմանը:
1991 թվականին ԼՂ-ն հայտարարել է անկախություն, ումի՞ց է հայտարարել այդ անկախությունը: Հայաստանի Հանրապետությունի՞ց, եթե այս տարբերակն է՝ արդյոք Գերագույն խորհրդի որոշումը խախտվե՞լ է: Եթե խախտվել է, ապա ինչո՞ւ խախտողները պատասխանատվության չեն ենթարկվել: Իսկ եթե Ադրբեջանից, ապա Ազգային խորհրդի որոշումը խախտվե՞լ է, թե՞ ոչ: Եթե վերամիավորվել ենք ՀՀ-ի հետ, ումի՞ց ենք անկախություն հռչակում:
1995 թվականին ՀՀ-ն ընդունում է Սահմանադրություն հանրաքվեով, 1997 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է իր «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» խորագրով հոդվածը, որտեղ ասել է, որ ԼՂ-ի անկախության հարցում մենք բարեկամներ չունենք և, ըստ էության, ասել է, որ մենք բարեկամներ չունենք: Հարց՝ այդտեղ Գերագույն խորհրդի որոշումը, հռչակագիրը, Սահմանադրությունը խախտվե՞լ են, թե՞ ոչ:
1998 թվականին տեղի է ունեցել իշխանության փոփոխություն, և ՀՀ-ն բանակցային գործընթացից դուրս է թողել ԼՂ-ն, որից հետո բանակցությունների հիմք ընդունվել է ընդհանուր պետություն հասկացությունը, որտեղ ամրագրվում է, որ ԼՂ-ն ինչ-որ ձև ամբողջականացվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ:
Կներեք՝ բառերն անգիր չեմ հիշում, բայց իմաստների մեջ վստահ եմ 100 տոկոսով:
Որից հետո քննարկվել է տարածքային փոխանակման բանակցային փաթեթը, որը հրապարակված է, բոլորդ տեղյակ եք: Մեղրիի շրջանը հանձնելու դիմաց ստանալ ԼՂ-ն: Սա Սահմանադրության խախտու՞մ է, թե՞ ոչ: Որից հետո ընդունվել են Մադրիդյան սկզբունքները, որի առանցքային դրույթներից մեկը դե ֆակտո և դե յուրե այն է, որ ԼՂ-ի կարգավիճակի ճշգրտման հարցը պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով:
Հարց՝ Սահմանադրությունը, հռչակագիրը և 1989-ի որոշումը խախտվե՞լ են, թե՞ ոչ, որովհետև եթե անցյալում հանրաքվե է եղել, և մեր կարգավիճակը ճշգրտվել է, ապա ապագայում ինչ հանրաքվե է տեղի ունենալու: Ասվում է, որ պոտենցիալ հանրաքվեն չի կարող սահմանափակել ԼՂ-ի որևէ կարգավիճակ: Սա նշանակում է, որ այդ համաձայնությամբ ԼՂ-ն կարող էր լինել Ադրբեջանի մաս, ընդ որում՝ Ադրբեջանի ներսում առանց որևէ կարգավիճակի: Եթե ասում ենք, որ կարգավիճակի որևէ սահմանափակում չի կարող լինել, ուրեմն չի կարող լինել կարգավիճակի սահմանափակում, որ ԼՂ-ն, օրինակ՝ Գյանջայի շրջանի մաս է: Էս էլ սենց: Հիմա էդ սկզբունքը ընդունելով՝ 89 թվականի որոշումը, 90 թվականի անկախության հանրաքվեն, Սահմանադրությունը խախտվե՞լ են, թե՞ չեն խախտվել:
Գնանք հաջորդը: Երբ ասվել է, որ հանրաքվեն պետք է տեղի ունենա կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում, կողմերն էլ Հայաստանն ու Ադրբեջանն են, եթե ինքնորոշվել է, եթե չենք համարում իրեն Ադրբեջանի մաս, ինչի՞ ենք Ադրբեջանի հետ համաձայնեցնում ժամկետները: Դրանով խախտվե՞լ է, թե՞ չի խախտվել Սահմանադրությունը»,- ասաց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե դրանք միայն բանակցություններ են եղել և կյանքի չեն կոչվել, իսկ Փաշինյանը, ըստ լրագրողի, պատրաստվում է Արցախի վրա «խաչ քաշել» և Արցախը վերջնականապես ճանաչել Ադրբեջանի կազմում, Փաշինյանն արձագանքեց. «Կտրականապես համաձայն չեմ ձեր դիտարկման հետ, թե մենք Արցախի կամ ԼՂ-ի վրա խաչ ենք քաշում:
Երկրորդը, որ ասում եք՝ եղել է բանակցային բովանդակություն, էդ բանակցային գործընթացը հո չի՞ ցնդել, դրանք կան որպես միջազգային ընկալման մաս»,- ասաց Փաշինյանը: