Ինչքան սուր է վիճակը, այնքան ավելի սուր է խաղաղության անհրաժեշտությունը։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է ընդդիմության՝ «խաղաղության դարաշրջանի հոգեհանգիստ» գնահատականին, վարչապետը նշեց, որ մեր խնդիրը շարունակում է մնալ այն, որ Հայաստանի շուրջ և տարածաշրջանում բացվի խաղաղության դարաշրջան։
«Հոգահանգստի համար կա պարտադիր պայման՝ ծնված, հասունացած, տարիքն առած պետք է լինի, իսկ չի կարելի խոսել մի երևույթի հոգեհանգստի մասին, որը դեռ չի ծնվել։ Մեր ամբողջ նպատակը, խնդիրը եղել և շարունակում է մնալ այն, որ Հայաստանի շուրջ և տարածաշրջանում բացվի խաղաղության դարաշրջան։
Մենք այնպես պետք է անենք, որ խաղաղությունը դառնա տարածաշրջանի համար ընդհանուր շահ։ Խաղաղության մասին խոսել չի նշանակում հայտարարել, որ այդ խաղաղությունը հաստատված է, «խաղաղություն» բառը պետք է ճիշտ ձևակերպված ընդունենք, և նույնիսկ եթե մեկ ամիս չեն կրակել, երեք ամիս, կես տարի, երեք տարի չեն կրակել, դա դեռ չի նշանակում, որ խաղաղություն է։ Խաղաղությունը լուրջ ինստիտուցիոնալ երևույթ է, չնայած մեր երրորդ հանրապետության պատմության մեջ այդպիսի երեք ամիս դժվար կլինի գտնել, որ չեն կրակել»,- ասաց նա։