Երեկ երեկոյան Բաղրամյան փողոցում հավաքվածների ներկայությամբ ընդդիմությունը հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց է նախաձեռնում: Ազգային ժողովի շենքի մոտ հավաքվածներից «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը հնչեցրեց այդ պահանջը:
Արամ Վարդևանյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր) - էդ ստորագրությունները կան, չկա 18 ՔՊ-ի ստորագրություն, ու ՔՊ-ի պատգամավորները պետք ա իմանան, որ էս ժողովուրդը ստեղից չի գնալու, եթե չլինի էտի:
Բողոքի ակցիան սկսվեց վարչապետի՝ ծանր որոշումներ կայացնելու պատրաստակամության մասին հայտարարությունից հետո: Փաշինյանն ԱԺ-ում նշել էր՝ կցանկանար ստորագրել մի փաստաթուղթ, որը, չխախտելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, տևական խաղաղություն կապահովեր ՀՀ-ի համար, եթե անգամ դրանից հետո ստիպված լիներ հրաժարական տալ: Հայտարարությունը մանիպուլատիվ մեկնաբանվեց տարբեր շրջանակների կողմից, և Հանրապետության հրապարակում ու ԱԺ-ի մոտ բողոքի ակցիաներ եղան:
«Հայաստան» Խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Բաղրամյանում հավաքված ցուցարարներից պահանջեց գնալ կառավարող ուժի պատգամավորների տներ և նրանց բերման ենթարկել:
Իշխան Սաղաթելյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Գործընթացը հաջողության հասնելու համար պետք է ուղղորդել դեպի «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ, ստիպել, պարտադրել, ստանալ ևս 18 հոգու ստորագրություն, որպեսզի հասնենք պաշտոնանկության գործընթացի:
Այնուհետև ընդդիմադիր պատգամավորները մտան Ազգային ժողովի շենք, իսկ Կարին Տոնոյանը հրապարակեց իշխող ուժի պատգամավորների բնակության հասցեները: Հավաքվածների միջև կար տարաձայնություն ստորագրությունների և վարչապետի թեկնածուի ընտրության հարցում:
Էդգար Ղազարյան - Իրենք ասում են՝ մենք ստեղ ենք, գնացեք, բերեք 18 պատգամավոր։ Պատգամավոր բերելու հարցում իրենք ունեն 20 անգամ ավելի մեծ լիազորություն, քան այստեղ կանգնած յուրաքանչյուր մեկը։ Ակնկալել, որ հիմա, էս ժամին 18 պատգամավոր գալու է ԱԺ և որոշում կայացնի, ոչ մի երեխա դրան չի հավատա։
Ցույցի մասնակիցներից Էդգար Ղազարյանը նաև նկատել է, որ նույն խմբակցության պատգամավորների հայտնած տեղեկությունները տարբեր են: «Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ կա 35 պատգամավորի ստորագրություն, բայց Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ 35 հոգի պատրաստ են ստորագրել։ Ինչի՞ նրանք դա չեն ստորագրել։ Սահմանադրության պահանջն է, որպեսզի իրենք վարչապետի թեկնածու առաջադրեն։ Իրենք այդ թեկնածուն չունեն, բայց միայն պատգամավորները կարող են թեկնածու առաջադրել»:
Որոշ ժամանակ անց Արամ Վարդևանյանը հարթակից հայտարարեց, որ ունեն 35 ստորագրությունը, ապա ընթերցեց նրանց անունները: Ստորագրողները ընդդիմադիր խմբակցություններում ընդգրկված պատգամավորներն էին՝ 29-ը «Հայաստանից», 6-ը՝ «Պատիվ ունեմ»-ից: Ըստ Վարդևանյանի՝ նրանց ևս 18 ստորագրություն է անհրաժեշտ իմփիչմենթ իրականացնելու համար: Սահմանադրության 115-րդ հոդվածով սահմանված է, թե որ դեպքում Ազգային ժողովը կարող է երկրի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։ Դրա համար անհրաժեշտ է պատգամավորի ձայների 1/3-րդը, այսինքն՝ 36 պատգամավորի ստորագրություն, մինչդեռ ընդդիմությունն այս պահին ունի 35 ձայն: Բացի այդ, Սահմանադրությամբ ամրագրված է, որ գործընթացը կարելի է սկսել միայն այն դեպքում, երբ կա նոր վարչապետի թեկնածու: Որևէ անուն մինչև այս պահը չի հրապարակվել:
Էդգար Ղազարյան - Ազգային ժողովի ոչ մի պատգամավոր դեռևս չի ստորագրել Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու նախաձեռնության համար, քանզի դրա սահմանադրական պահանջն է` միաժամանակ վարչապետի նոր թեկնածուի առաջադրումը։ Երեկ ուշ գիշեր ԱԺ մուտքի մոտ հանրահավաքում ընթերցվել են ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների բոլոր պատգամավորների անունները, ովքեր ստորագրել էին անհասկանալի բովանդակությամբ ինչ-որ փաստաթուղթ: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խորհրդարանում այսօր նշեց՝ պատգամավորները ստորագրել են ձևաթղթի վրա:
Գեղամ Մանուկյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Ամբողջական ձևաթուղթը կլինի, երբ որ այդ 35-ին ավելանան նաև 18 պատգամավորներ: Կրկին Սահմանադրությամբ՝ անհրաժեշտ ստորագրությունները հավաքելուց և իմփիչմենթի գործընթաց սկսելուց հետո հաջորդ քայլը ԱԺ-ում քվեարկությունն է: Վարչապետին կարելի է հեռացնել, եթե այդ որոշման օգտին է քվեարկում պատգամավորների մեծամասնությունը: 107 պատգամավոր ունեցող 8-րդ գումարման ԱԺ-ի դեպքում պետք է ապահովել 54 ձայն: Հետաբար, առկա 35-ից բացի, ընդդիմությանը ոչ թե 18, այլ 19 ձայն է անհրաժեշտ: Արդյոք ընդդիմությունը ՔՊ-ականների հետ բանակցություններ է վարում՝ նրանց գործընթացին մասնակից դարձնելու համար հարցին Գեղամ Մանուկյանը պատասխանեց՝ եկեք չշտապենք...