Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է եղել Երևանի թիվ 170 ավագ դպրոցը ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի անունով անվանակոչելուն նվիրված միջոցառմանը, որն անցկացվել է STARMUS VI գիտության ու արվեստի միջազգային փառատոնի շրջանակում:
.jpg)
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, STARMUS փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը, Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը և այլք:
.jpg)
STARMUS փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանն ընդգծել է՝ շատ քչերը գիտեն, որ պատմության մեջ առաջին մոլորակագնացը, որը մարդիկ պատրաստել են, լուսնագնացն է եղել, որի նախագիծը իրականացրել է Ալեքսանդր Քեմուրջյանը:
.jpg)
Նա հիշեցրել է, որ «Թայմ» պարբերականը «Լունախոդն» անվանել է հեղափոխություն աշխարհի գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում:
.jpg)
Վլադիմիր Քեմուրջյանը նշել է, որ հայրը մշտապես քաջալերել է երիտասարդներին՝ կարծելով, որ առանց նրանց հնարավոր չէ ստեղծագործել, տեխնիկա ստեղծել: Վլադիմիր Քեմուրջյանը բազմաբովանդակ գրքեր է նվիրել դպրոցին, իսկ ԱՄՆ-ից ժամանած գիտնական Սքոթ Ռոբերթսը՝ աստղադիտակ:
1963-1973 թվականներին Ալեքսանդր Քեմուրջյանի ղեկավարած ճարտարագետների խումբն աշխատել է լուսնագնացների և փոքր մարսագնացների ավտոմատ կառավարվող շասիների նախագծման և ստեղծման ուղղություններով։ Արդյունքում տաղանդավոր ճարտարագետի ղեկավարած խումբը ստեղծում է աշխարհում առաջին տիեզերական նշանակության ռոբոտ-տրանսպորտ հանդիսացող լուսնագնացները, մարսագնացները։ Տիեզերական այս նոր տեխնիկայի շնորհիվ հնարավոր է դառնում ստանալ տվյալներ Լուսնի և Վեներա մոլորակի գրունտների վերաբերյալ։