Արդյոք Ռուսաստանը եվրապարտարտատոմսերի գծով չի՞ կատարել պարտավորությունները: Դեֆոլտի մասին օրեր առաջ առաջինը հայտնեցին ամերիկյան «Բլումբերգ» պարբերականն ու «Մուդիս» միջազգային վարկանիշային գործակալությունը: «Մուդիսը», օրինակ, հայտնել է, որ սահմանված արտոնյալ ժամկետում Մոսկվան 100 միլիոն դոլարի վճարում չի կատարել: «Բլումբերգն» ավելի կտրուկ է եղել. ըստ պարբերականի՝ վերջին անգամ Ռուսաստանը արտաքին պարտքի գծով պարտավորությունները չէր կատարել 1918 թվականին:
Արմեն Քթոյան (ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ) - Դեֆոլտ կարող է հայտարարել պարտատերը, հայտարարել, որ պարտապանը չի կատարել պարտքի գծով իր պարտավորությունը: Մյուս տարբերակն այն է, որ վարկանիշային կազմակերպությունները կարող են հայտարարել դեֆոլտի մասին կողմերից մեկի, բայց քանի որ վարկանիշային կազմակերպություններն արդեն դադարեցրել են Ռուսաստանի և ռուսական կազմակերպությունների վարկանիշավորումը, ըստ էության, իրենք էստեղ կողմ չեն: Իսկ պարտատերերը նման հայտարարություն չեն արել»:
Իրավիճակը դեֆոլտ անվանելու հիմք չկա, քանի որ արտարժույթով համապատասխան վճարումը կատարվել է այս տարվա մայիսին,- արձագանքելով տարբեր կառույցների հոռեստեսական գնահատականներին՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ այն, որ միջազգային դեպոզիտարիան պահել է այդ գումարը և չի ուղղել հասցեատիրոջը՝ արդեն Ռուսաստանի խնդիրը չէ:
Նարեկ Կարապետյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Ռուսական կողմը, իր հերթին, իր օրակարգն ունի այստեղ: Վերջիններս ասում են, որ եթե միջազգային ֆինանսական համակարգի ենթակառուցվածքները իրենց համար բաց չեն իրենց պարտքային պարտավորությունները կատարելու համար, ապա իրենք իրենց մեխանիզմները կկիրառեն, և իրենք իրենց ներդրողների անուններով ռուսական բանկերում հաշիվներ են բացել արդեն իսկ և ռուսական ռուբլով էդ տոկոսավճարներին համարժեք փոխանցումներ են անում էդ հաշիվներին:
Իրավիճակը, այնուամենայնիվ, միանշանակ չէ, քանի որ սահմանված ժամկետում պարտատերերը չեն ստացել իրենց հասանելիք գումարը` ընդգծում է Արմեն Քթոյանը:
Արմեն Քթոյան - Դեֆոլտի 2 տիպ է տարանջատվում, սովորական դեֆոլտ, որն ավելի նման է անվճարունակության, երբ որ պարտապանը չի կարողանում, ի վիճակի չէ կատարել պարտավորությունները, որովհետև չունի միջոցներ: Եվ մյուս տարբերակը տեխնիկական դեֆոլտը, երբ որ տարբեր պատճառներով հնարավոր չէ կատարել վճարում, Ռուսաստանի պարագայում այստեղ երկրորդ պատճառն է: Այսինքն՝ Ռուսաստանն ունի միջոցներ արտարժույթով, և էդ միջոցները սառեցված են:
Ռուսաստանն ունի մոտ 20 մլրդ դոլարի չափով եվրոբոնդեր: Ըստ Նարեկ Կարապետյանի՝ Ռուսաստանի համար այս գումարն այնքան էլ մեծ չէ, սակայն սահմանափակումների պատճառով Մոսկվան զրկվել է վճարման հնարավորությունից:
Նարեկ Կարապետյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Իրավիճակը զարգանում է, և հնարավոր է, որ փոխառուները համապատասխան, այսպես ասած, միջազգային դատարաններում փորձեն հայցեր իրականացնել, սակայն այստեղ էլ հեռանկարները պարզ չեն էն առումով, որ, ըստ էության, Ռուսաստանի պաշտոնյաներն էլ իրենք հայտարարում են, որ Ռուսաստանը այստեղ ոչինչ չի խախտել, իրենք պատրաստ են վճարումներն անել, սակայն դրա համար չկա համապատասխան հնարավորություն:
Մասնագետները վստահ են՝ որքան էլ Հայաստանը տնտեսական առումով կապված է Ռուսաստանի հետ, այս իրավիճակը մեր երկրի վրա ազդեցություն չի թողնի:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան