Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին՝ ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորությամբ:
Վարչապետը շնորհավորել է կուսակցության հիմնադրման 100-րդ տարեդարձի կապակցությամբ և կարևորել նրա դերը հայ ժողովրդի պատմության մեջ: Երեկոյան՝ ՌԱԿ 100-ամյա գործունեությանը նվիրված տոնական միջոցառման ժամանակ, վարչապետը կրկին շնորհավորել է մեկդարյա հոբելյանի առիթով՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանն ու հայությունը մշտապես շարունակելու են զգալ կուսակցության աջակցությունը:
Կուսակցության վարչության ատենապետ Միքայել Խարապյանն էլ պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ավանդական այս կուսակցությունը մշտապես կարևոր դերակատարում է ունեցել համահայկական նշանակություն ունեցող գործընթացներում իր պատմությամբ ու անցած ճանապարհով, ապացուցել իր կենսունակությունը: Բարձր գնահատականի է արժանի ոչ միայն Ռամկավար ազատական կուսակցության գործունեությունն ու պատմությունը, այլև նրա դերը Սփյուռքում՝ քաղաքական ու հասարակական կյանքի կազմակերպման մեջ: Մասնավորապես անգնահատելի է կուսակցության ներդրումը հայապահպանության, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում: Հայաստանի կառավարությունն այսօր էլ զգում է Ռամկավար ազատական կուսակցության աջակցությունն ու զորակցությունը հայության և Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրների լուծման, ազգային ինքնության և լեզվի պահպանման, Մայր հայրենիքի հետ կապերի ամրապնդման, Հայաստանի ու Արցախի զարգացման և այլ հարցերի լուծման գործում: Մենք շահագրգիռ ենք կուսակցության քաղաքական գործունեության զարգացմամբ, որը կրում է այնպիսի ավանդույթներ և արժեքներ, որոնք միտված են բացառապես մեր երկրի և ժողովրդի միասնականության ազատության ու պետականության ամրապնդմանը:
Րաֆֆի Բալյան (Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենադպիր) - Այսօր մեծ ուրախությամբ այստեղ ենք` եզրափակիչ այս հանդիսությամբ նշելու մեր պանծալի կուսակցության՝ Ռամկավար ազատական կուսակցության 100-րդ տարեդարձը: Այս առիթով կուզեինք մեր ազգին մաղթել բարեբերություն, խաղաղություն միասնականություն ևհատկապես ազգային գիտակցության ամրապնդում, որպեսզի կարողանանք այս դժվարին, ծանրակշիռ ժամանակները դիմագրավել և հաջողությամբ հասնենք մեր նպատակներին: