Երևանի ներկայացրած 6 կետանոց առաջարկին Բաքուն պաշտոնապես չի պատասխանել: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:
Փոխնախարարն անդրադարձավ նաև Ադրբեջանի հետ բանակցությունների հարցին, նշեց՝ կոնկրետ օր՝ երբ կկայանան բանակցությունները, դեռ որոշված չէ:
«Կա կողմերի նախնական պայմանավորվածությունը, սակայն դեռևս ամեն ինչ բանակցային փուլում է. նաև բանակցությունների սկիզբը, օրը և բոլոր այլ էլեմենտները»,- նշեց ԱԳ նախարարի տեղակալը:
Ինչ վերաբերում է զորքերի հայելային հետքաշման դեպքում սահմանազատում իրականացնելու հնարավորությանը, Պարույր Հովհաննիսյանը նշեց՝ հարցը քննարկման փուլում է:
«Քննարկումներն սկսվել են. այդ առաջարկը սեղանին է, այդ առաջարկի վերաբերյալ մեր միջազգային մի շարք գործընկերներ հայտնել են իրենց դրական դիրքորոշումը: Բանակցությունների ընթացքում կտեսնենք՝ ինչպես կլինի»,- ասաց նա:
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե հայկական կողմն այլևս չի պնդում զորքերի հայելային հետքաշման հարցը՝ փոխնախարարը նշեց, որ այդ հարցում մեր դիրքորոշումն անփոփոխ է:
«Չի կարելի պնդել, որ հայկական կողմը չի պնդում. բանակցային գործընթացը գաղտնի է, և մենք ներկա չենք բանակցային սեղանի շուրջ, ինքս էլ բանակցային թիմի մարդ չեմ, բայց մի բան կարող եմ ասել, որ, ինչպես վարչապետն էլ մի շարք առիթներով նշել է, մեր դիրքորոշումն անփոփոխ է այդ հարցում»,- ասաց Պարույր Հովհաննիսյանը: