ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պարզ՝ այն մասին, թե ինչ տեղի ունեցավ այսօր:
Ընդդիմությունը այսօրվա նիստի շուրջ օրեր շարունակ ձևավորել էր ուռճացված ակնկալիքներ՝ նպատակ ունենալով Ազգային ժողովում մի մեծ սադրանք իրականացնել։ Սադրանք տեղի չունեցավ՝ շնորհիվ իշխանության շրջահայաց գործողությունների։ Ուստի, ընդդիմությունը պետք է դրսում մի բան աներ, որը կներկայացվեր որպես փոքրիկ նվաճում՝ ԱԺ-ի մեծ տապալման ֆոնին։
Եվ մեթոդը գտնված էր՝ սադրանք, որը կհրահրի բախում ոստիկանների հետ։ Արանքում կտուժեն ոստիկաններ, բայց, որ ավելի կարևոր է, կտուժեն նաև սեփական կողմնակիցներ։ Հետո Իշխանը և մյուս ընդդիմադիրները կասեն, որ իրենք խաղաղ էին, բայց ոստիկանները սադրեցին ու բռնություն գործադրեցին խաղաղ ցուցարարների նկատմամբ։
Արդյունքում՝ ընդդիմության զոհի կերպարը պատրաստ է, ԱԺ-ի ֆիասկոն՝ մոռացված, ու բոլորը խոսում են այլ բանի մասին։ Ընդդիմության ղեկավարներն էլ ստացան այդքան փափագած բախումը՝ հանուն սեփական զոհի կերպարի ձևավորման և իշխանության հրեշացման։ Սա է ամբողջ հաշվարկը։
Ստացվում է՝ ընդդիմության ղեկավարությունը պատրաստ է սեփական կողմնակիցների և ոստիկանության առողջության ու կյանքի հաշվին գծագրել և իրագործել մի ամբողջ քաղաքական ավանտյուրա, որի նպատակը ջրի երեսին մնալն ու ներքաղաքական բախումներ հրահրելն է։
Սա դասական խուլիգանություն է։ Սա նաև վառ ապացույցն է այն բանի, որ ընդդիմության ղեկավարների համար մարդկային կյանքն ու առողջությունը արժեք չունեն՝ ոստիկան լինի, թե սեփական կողմնակից, զինվոր լինի, թե շարքային քաղաքացի»։