Երևանի Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ուսանողներին առաջարկվում է կրթությունը շարունակել այլ բուհերում: Այս հաստատությունը գործելու իրավունք այլևս չունի: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի փետրվարի 18-ի հրամանով դադարեցվել է բուհի՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով լիցենզիաների գործողությունը: Պատճառը՝ լիցենզիայի պայման-պահանջների խախտումներն են:
Աշոտ Արշակյան (ՀՀ ԿԳՄՍՆ լիցենզավորման գործակալության պետ) - Դրանք բազմաթիվ են, թեև երկուսը միաժամանակ արդեն բավարար էր՝ լիցենզիան դադարեցնելու համար:
Խախտումները կապված են պրոֆեսորադասախոսական կազմի, ուսումնական տարածքի, լաբորատոր և ուսումնամեթոդական ապահովվածության, ուսումնաարտադրական պրակտիկայի և այլ պարտադիր պահանջների հետ:
Իր երկարամյա գործունեության ընթացքում Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը շատ անգամ է հայտնվել աղմկոտ պատմությունների կենտրոնում, ու կասկածի տակ է առնվել բուհի կրթության որակը: Բայց չնայած տարատեսակ քրեական գործերին՝ լիցենզիան չի դադարեցվել, համալսարանը շարունակել է գործել:
Ուսումնասիրություններ անելու միջնորդություն նախարարությունը ստացել է Պետական վերահսկողական ծառայությունից, և նախարարի հրամանով ստեղծվել է համապատասխան հանձնաժողով: Ուսումնասիրվել ու խախտումներ են հայտնաբերվել նաև նույն շենքում գործող Սուրբ Թերեզայի անվան քոլեջում: Խախտումները նույնատիպ են, բայց, ի տարբերություն համալսարանի, լիցենզիան ոչ թե դադարեցվել է, այլ կասեցվել: Կրթական այս ծրագրի դեպքում օրենքը միայն դա է նախատեսում:
Գլխավոր դատախազությունից տեղեկացանք, որ այս բուհին առնչվող մի քանի քրեական գործ է քննվում: Դրանցից մեկով ռեկտորն ունի մեղադրյալի կարգավիճակ: Նաև կալանքի միջնորդություն կա, որը քննվում է վերաքննիչ դատարանում:
Պետական վերահսկողական ծառայությունից նույնպես դատախազությունը նյութեր է ստացել, որոնք ուղարկվել են ոստիկանություն: Արդյունքներով պայմանավորված էլ պարզ կդառնա գործի հետագա ընթացքը:
ԿԳՄՍ նախարարության կայքում արդեն հրապարակվել է Հայաստանում գործող այն բուհերի ցանկը, որտեղ կրթությունը շարունակելու համար կարող են դիմել Սուրբ Թերեզայի անվան համալսարանի գրեթե 250 ուսանողները:
«Լուրերը» երկու անգամ այցելեց Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան: Սկզբում ասացին, որ ղեկավարությունից ոչ ոք չկա: Հաջորդ անգամ փոխանցեցին, որ մեզ հետ խոսել չեն ուզում: Ուսանողները ևս հրաժարվեցին մեկնաբանությունից:
Հեղինակ` Աննա Զախարյան