Կրեմլը չի մեկնաբանել մամուլում հայտնված՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանները Ռուսաստանի անվտանգության երաշխիքներին:
«Մենք ոչինչ չենք հրապարակել, և ես չեմ ուզում այդ հրապարակումը մեկնաբանել: Դուք պետք է դիմեք թերթին կամ Իսպանիայի ղեկավարությանը, համենայն դեպս՝ ոչ մեզ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Պեսկովը:
РИА Новости-ի հետ հարցազրույցում ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է El Pais իսպանական հրատարակության նյութերի իսկությունը։
ՌԴ ԱԳՆ-ն ամերիկյան կողմի հայեցողությանն է թողել մամուլում Մոսկվայի առաջարկություններին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանների հրապարակման մեկնաբանությունը։
«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանն անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին դիվանագիտական և կառուցողական չէ, Մոսկվայի առանցքային դիրքորոշումներն այնտեղ անտեսվում են»,- «Ինտերֆաքս»-ին ասել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վյաչեսլավ Նիկոնովը։
«Ընդհանուր առմամբ, պատասխանը լկտի է, Ռուսաստանի հասցեին չափազանց շատ մեղադրանքներ կան: Աշխարհում առկա բոլոր խնդիրները, որոնք առաջացրել են ԱՄՆ և նրա դաշնակիցները, բարդվել են Ռուսաստանի վրա»,- հայտարարել է Նիկոնովը: