Տիգրան Մանուկյան (հողագործ) - Ասում են՝ ցորենը պրոբլեմ է Հայաստանում աճեցնելը, ես էլ ասում եմ, որ պրոբլեմ չէ, ու փորձել եմ բոլորին ապացուցել, որ պրոբլեմ չէ: Ամեն տեղ էլ կարելի է հող մշակել: Հիմա ցանում ենք, լավ բերք ենք ստանում:
Սխալ է կարծիքը, թե որքան շատ սերմ ցանես, այնքան շատ բերք կհավաքես: Եթե սերմը որակյալ լինի, էլիտա կամ առաջին վերարտադրության քիչ կիլոգրամներով էլ լավ բերք կստանաս՝ ասում է Տիգրանը:
Տիգրան Մանուկյան - Կիլոգրամն էլ քիչ ենք ցանել, իրականում ոչ մեկը քիչ չի ցանում. 150 կիլոգրամով եմ ցանել հեկտարին, ստացել եմ 5.4 տոննա, 5.3 տոննա, 5.2 տոննա միջինը: Իսկ հինգ տոննան էլ էսօր ամենալավ արդյունքն է փոքր գործ անողի համար:
Ֆերմեր Արայիկ Մանուկյանն էլ խորհուրդ է տալիս նոր տեխնոլոգիաներ կիրառել:
Արայիկ Մանուկյան (ֆերմեր) - Մենք մշակում ենք նոր տեխնոլոգիաներով: Նոթիլ՝ նշանակում է ընդհանրապես ձեռք չեն տալիս հողին, առանց վարելու ցանում են, մենք ունենք շարքացան, դրանով ցանում ենք:
Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում բարձրորակ սերմացուի պահանջ միշտ է եղել: Այս տարի սերմացու ներկրող 18 տնտեսվարողի մոտ գարնանացան սերմացուն արագ է սպառվել:
Արթուր Գրիգորյան (սերմացու ներկրող) - Մոտավորապես 400 տոննայի կարգի մերն էր: Շատ արագ վաճառվում էր, փորձաքննությունն անելուց հետո ուղարկվում էր շրջան:
Պարենային անվտանգության, սերմնափոխության, ինչպես նաև հողերի ցանքաշրջանառությանը նպաստելու համար 2021-ի սկզբին կառավարարության հաստատած գարնանային հացահատիկային և կերային բույսերի արտադրության խթանման ծրագրից արդեն օգտվել է 3 հազար 710 շահառու: Ընդհանուր առմամբ, ցանվել է 15 հազար 802 հեկտար վարելահող, որում ներառված են նախկինում չմշակվող հողակտորներ: Ծրագրի համար պետական աջակցությամբ 481 միլիոն դրամ էր հատկացվել: Ծրագրի արդյունքում, մասնավորապես, Լոռու մարզում մշակվող հողերի տարածքն ավելացել է 100 հեկտարով:
Արտյոմ Շահվերդյան (Լոռու մարզի գյուղատնտեսության բաժնի պետ) - Մարզում 2021 թվականի գարնանացանը կազմել է 8711 հեկտար, 2020 թվականի տվյալները գերազանցել ենք 100 հեկտարով:
Տարոն Մարտիրոսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության գլխավոր մասնագետ) - Հիմնականում նախատեսված է եղել գարնանացան գարու, ցորենի, վարսակի, լոբու, ոլոռի, ոսպի, առվույտի և կորնգանի էլիտա և առաջին վերարտադրության սերմացուի 50 տոկոս և սահմանամերձ համարվող շրջաններում՝ 70 տոկոս սուբսիդավորում:
Ցորենի առաջին վերարտադրության և էլիտա սերմի մեկ կիլոգրամի գինը, համապատասխանաբար, 240 և 280 դրամ է: Սուբսիդավորվող ծրագրով ֆերմերները վճարել են 120, 140, իսկ սահմանամերձ բնակավայրերում՝ 80, 90 դրամ: Որպես պետական աջակցության լրացուցիչ միջոցառում՝ ծրագրի նպատակն է եղել մեղմել ռազմական և արտակարգ դրության հետևանքով արոտավայրերի կրճատման պատճառով առաջացած՝ անասնակերի ապահովման խնդիրը և բարձրացնելու պարենային ինքնաբավության մակարդակը:
Արթուր Գրիգորյան - Գրանցված սերմերը, որոնք Հայաստանում եղել են 70 թվականից սկսած, սերմերի սերնդափոխություն չի կատարվել:
Ծրագրից օգտվել են մեկից մինչև 20 հեկտար հացահատիկային, կերային և 0,5-20 հեկտար հատիկաընդեղեն մշակող տնտեսությունները: