Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը ուկրաինական ուժերը մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարք են արձակել Դաշնության ուղղությամբ: Ըստ գերատեսչության՝ թիրախում են եղել Բելգորոդի, Վորոնեժի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Տուլայի մարզերը, Կրասնոդարի երկրամասը, Ղրիմը և այլ տարածքներ: Հաղորդվում է, որ Մոսկվայի շրջանն էլ ենթարկվել է վերջին շրջանում ամենազանգվածային հարձակմանը, թիրախավորվել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանը և այլ ձեռնարկություններ, կան զոհեր և վիրավորներ:
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ սա «արդար պատասխան» է Ուկրաինային, մասնավորապես, Կիևին ռուսական վերջին զանգվածային հարձակմանը, որի հետևանքով մայիսի 14-ին Հանրապետության մայրաքաղաքում 24 մարդ էր զոհվել։ Զելենսկին հավելել է, որ այժմ ակտիվ գործողություններ են իրականացնում, իսկ վերջին հարվածների հեռավորությունը գերազանցել է 500 կիլոմետրը։
Ռուսական ուժերն էլ հարվածել են Ուկրաինային, հայտնաբերվել է շուրջ 300 ԱԹՍ, մեծ մասը խոցվել է, սակայն հաղորդվում է զոհերի և վիրավորների մասին: Թիրախավորվել են Սումիի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի, Զապորոժիեի, Օդեսայի և այլ շրջաններ:
Անհայտ ծագման ԱԹՍ է կործանվել Լատվիայում, երկինք են բարձրացվել ՆԱՏՕ-ի կործանիչներ: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան:
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում։