Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառվում են այն անձանց նկատմամբ, որոնք ենթադրյալ հանցանքը կատարել են անմեղսունակության վիճակում և այն անձանց նկատմամբ, որոնք թեպետ հանցանքը կատարելու պահին մեղսունակ են եղել, սակայն ունեն պատժի նշանակման կամ կատարումն անհնար դարձնող հոգեկան առողջության խնդիրներ: Այն դեպքերում, երբ վարույթն իրականացնողին հայտնի է դառնում նման հանգամանքը, պետք է քրեական վարույթը վերածվի բժշկական հարկադրանքի վարույթի:
Առաջարկվում է նման հանգամանքը հայտնի դառնալու դեպքերում հստակեցնել, որ թե՛ քննիչը և թե՛ դատարանը անհապաղ պետք է վարույթը փոխեն բժշկական հարկադրանքի վարույթի: Գործող կարգավորմամբ, երբ նախաքննության ընթացքում հոգեկան առողջության խնդիրների վերաբերյալ հանգամանքը հայտնի է դառնում, սահմանված չէ, թե քննիչը ինչ ժամկետում պետք է բժշկական հարկադրանքի վարույթը սկսի: Նախատեսվում է ժամկետը սահմանել անհապաղ, ոչ ուշ քան 24 ժամ: Նման հանգամանքը հայտնի դառնալուց հետո 24 ժամ ժամանակ կտրվի բժշկական հարկադրանքի վարույթը սկսելու համար: Այն դեպքերում, երբ դատաքննության ընթացքում է հանգամանքը ի հայտ գալիս, գործող կարգավորմամբ դատարանը կողմերի կարծիքը լսելուց հետո սեփական նախաձեռնությամբ կամ կողմերի միջնորդությամբ կայացնում է քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելու մասին որոշում: Նոր կարգավորմամբ հանգամանքներն ի հայտ գալու պահից դատարանը հնարավորինս սեղմ ժամկետում կողմերի կարծիքը լսելու համար միջոցներ կձեռնարկի, որից հետո սեփական նախաձեռնությամբ կամ կողմերի միջնորդությամբ կկայացնի քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելու մասին որոշումը:
Հաջորդ կարգավորումը վերաբերում է դատարանի արտագնա նիստերին: Երբ բոլոր մեղադրյալները զինծառայող են, դատարանը կարող է արտագնա նիստ իրականացնել համապատասխան զորամասում: Հաջորդ դեպքում, երբ բոլոր մեղադրյաներն ազատությունից զրկելու հետ կապված պատիժ են կրում, ապա նիստը կարող է անցկացվել քրեակատարողական հիմնարկում: Առաջարկվում է նախատեսել երրորդ դեպքը, երբ բժշկական հարկադրանքի վարույթի շրջանակում անձի հոգեկան առողջության վիճակով պայմանավորված անհնար է նրա դատական նիստին մասնակցության ապահովումը: Այս դեպքում արտագնա նիստը կարող է անցկացվել հոգեբուժական կազմակերպությունում: Սա միտված է դատարանի հասանելիությանը և ողջամիտ ժամկետում դատաքննության իրականացմանը:
Քրեական դատավարության և Քրեակատարողական օրենսգրքերում առաջարկվող լրացումները քննարկվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հարցը քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը:
Քննարկման արդյունքում հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: