ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ հաստատել է նախկին սենատոր Ջեֆ Ֆլեյքի թեկնածությունը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում՝ գրում է Ermenihaber-ը։
Դեսպանի պարտականությունները ստանձնելու համար Ֆլեյքի թեկնածությունը պետք է հաստատվի նաև Սենատի ընդհանուր նիստում:
Ջեֆ Ֆլեյքը հանձնաժողովի նիստի ժամանակ արդեն հասցրել է զգուշացնել Թուրքիային, որ Ռուսաստանից հավելյալ զենք գնելու դեպքում ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Անկարայի նկատմամբ։
Ֆլեյքի պաշտոնավարումն համընկնելու է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ամենալարված շրջաններից մեկին։ ՆԱՏՕ-ում երկու դաշնակից պետություններն այժմ հակասություններ ունեն Սիրիայի հարցով, Վաշինգտոնն Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով։ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները լարված են նաև Ջո Բայդենի կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրույթի կիրառման առնչությամբ։