Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն դարձել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնական թեկնածու՝ սոցիալիստական կուսակցությունից: Նա ստացել է իր կուսակիցների ձայների ավելի քան 70%-ը, գրում է Euronews-ը:
Իդալգոն առաջին կինն է, որը գլխավորել է Ֆրանսիայի մայրաքաղաքը: Նա վստահ է, որ հնարավորություն ունի դառնալ հանրապետության առաջին կին ղեկավարը:
Այնուամենայնիվ, մինչ այժմ Իդալգոյի վարկանիշը ցածր է, լավագույն դեպքում, ըստ հարցումների՝ 9%: Երկրորդ փուլ, ըստ վերլուծաբանների, նա հավանաբար չի անցնի: Քաղաքապետի պաշտոնում նրա գործունեությունը հակասական արձագանքներ է առաջացնում, բացի այդ, ձախ թևում նա շատ ուժեղ մրցակիցներ ունի:
Անն Իդալգոն կարիերան սկսել է քաղաքացիական ծառայությունում 1984-ին Չևիլի-Լարյու կոմունայում՝ որպես աշխատանքային հարաբերությունների տեսուչ: 1997 թվականից աշխատել է երկրի կառավարության տարբեր պաշտոններում, 2001 թ. նշանակվել է Փարիզի քաղաքապետի օգնական: 2014-ին առաջին անգամ ընտրվել է Փարիզի քաղաքապետ, 2020-ին վերընտրվել է երկրորդ ժամկետով:
Ֆրանսիայում տասներկուերորդ նախագահական ընտրությունների առաջին փուլը նախատեսված է 2022 թ. ապրիլի 10-ին, երկրորդը տեղի կունենա ապրիլի 24-ին, եթե թեկնածուներից որևէ մեկը ձայների բացարձակ մեծամասնություն չստանա:
Մինչ այժմ նախագահի պաշտոնի համար պայքարելու ցանկություն է հայտնել 13 թեկնածու, սակայն դիտորդներն ակնկալում են, որ այս ցուցակը կմեծանա: Հարցումների համաձայն՝ մեծ հավանականությամբ, առաջին փուլում ընտրողների ձայների կեսն իրար միջև կբաժանեն գործող նախագահ Էմանուել Մակրոնն ու Ազգային միության թեկնածու Մարին Լը Պենը: Եթե նրանք հասնեն երկրորդ փուլ, կանխատեսվում է, որ կհաղթի երկրի գործող ղեկավարը: