Դավիթն ընկերների հետ ստեղծել է խելացի ջերմոցի սեփական մոդելը: Համակարգը թույլ է տալիս որոշել հողի խոնավությունն ու ինքնաշխատ եղանակով ոռոգել բույսը: Խելացի ջերմոցից մինչև խելացի տուն: Այս համակարգն արդեն ապահովում է բնակարանի ոչ միայն անվտանգությունը:
Դավիդը Whiz code ակադեմիայի իր դասընկերների հետ մասնակցել է միջազգային օլիմպիադաների և մրցույթների: Եվրամիության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագիրը թույլ տվեց ձեռք բերել սարքավորումներ և զարգացնել սեփական կարողությունները: 2013-ին Սիրիայից Հայաստան տեղափոխված Մեղրիկ Գվրեանին ծրագիրը հնարավորություն տվեց զարգացնել սեփական բիզնեսը:
Դավիթն ու Մեղրիկն այն 58 հաջողակներից են, որոնք ստացել են դրամաշնորհ Եվրամիության ԻՐԻՍ ծրագրի կողմից: Երեք և ավել տարիների ընթացքում ծրագիրը հնարավորություն է տվել բարելավել սիրիահայերի և տեղացիների սոցիալական ինտեգրումը, հզորացնել բիզնես կարողությունները:
Անդրեա Վիկտորինի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար - Տպավորված եմ ծրագրի արդյունքներով: Մեր մոտեցումն է չանտեսել որևէ մեկին և զարգացնել կարողությունները: Այս ծրագիրն ամենալավ ճանապարհն էր մարդկանց օգնելու համար: Հուսով եմ՝ այն հնարավորություն կտա ստեղծել կայուն և ապահով կյանք Հայաստանում:
Ծրագրին աջակցել են Հայաստանում Ավստրական զարգացման համագործակցությունն ու Ավստրիական կարմիր խաչը, հայկական Կարիտաս բարեգործական կազմակերպությունը և ՓՄՁ համագործակցության ասոցիացիան: Հայկական Կարմիր խաչը վերջին երեք տարիների ընթացքում 270 ընտանիքի տրամադրել է բնակվարձի աջակցություն, մշակվել է բնակարանային պայմանների բարելավման մոդել՝ ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար: 100 սիրիահայ և տեղացի ներգրավվել է վճարովի պրակտիկայի գործընթացում, 77-ն ընդունվել աշխատանքի: 200 տարեց ստացել է սննդի և հիգիենիկ պարագաներ: Կրթական ծրագրերում ներգրավվել են ավելի քան 9000 աշակերտ և ուսուցիչ:
Ինտեգրման իր ծրագրերն է իրականացնում նաև կառավարությունը: Հայրենադարձների և մեր երկրում բնակություն հաստատածների ինտեգրման պետության կողմից իրականացվող ռազմավարությունը մշակվել է 2016 թվականին, որը, սակայն, ուներ օժանդակության սահմանափակ շրջանակ, և միայն փախստական ճանաչվածներն էին կարողանում օգտվել այդ ծրագրերից: Այսօր մշակվում է ինտեգրման նոր ռազմավարություն:
Պետական օժանդակությունից արդեն հնարավորություն կունենան օգտվելու օտարերկրացիները, Հայաստան վերադարձող քաղաքացիները, ներքին տեղահանվածները, ապաստան հայցողներն ու փախստականները: