Ուկրաինայի խորհրդարանը չի բացառում, որ հոկտեմբերին հանրապետության նախարարների կաբինետն ամբողջությամբ պաշտոնանկ կարվի: Այս մասին «UA:Первый» հեռուստաալիքի եթերում ասել է իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Օլեգ Դունդան:
Պատգամավորը միաժամանակ նշել է, որ կառավարության ներկա անդամներից մի քանիսը կպահպանեն իրենց պաշտոնները: Ըստ Դունդայի` նախարարների կաբինետի ղեկավար Դենիս Շմիգալը նույնպես կկորցնի իր պաշտոնը: «Շմիգալը զբաղվում էր ուկրաինական տնտեսության զարգացմամբ կորոնավիրուսային ճգնաժամի ժամանակ, որն ամենակարևոր խնդիրն էր: Այսօր մենք կորոնավիրուսային ճգնաժամից դուրս գալու խնդիր ունենք, որը պահանջում է այլ միջոցներ ու մոտեցումներ»,- ասել է պատգամավորը: