Ոստիկանության Թալինի բաժնում Թալին քաղաքի մի բնակչուհու դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նրա աղջիկը չի կատարել 275000 դրամի վարկային պարտավորությունները, և բանկը դիմել է դատարան։ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով Թալինի բաժանմունքի հարկադիր կատարողը աճուրդ-վաճառքով օտարել է դիմումատուի աղջկան և նրա ընտանիքի անդամներին պատկանող բնակարանը։
Այնուհետև, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, հրապարակային սակարկությամբ օտարված բնակարանը տանտերերին վերադարձնելու համար նույն հարկադիր կատարողը դիմումատուին առաջարկել է իրեն տալ 400000 դրամ։
2020 թվականի աշնանը տուժողը առձեռն տվել է պահանջվող գումարը, սակայն փողը ստանալուց հետո հարկադիր կատարողը ոչ միայն չի կատարել խոստումնը, այլև փորձել է նրանց վտարել վաճառված բնակարանից։ Բացի այդ, վտարման գործընթացը հետաձգելու համար նա, ըստ նախնական տվյալների, 2020 թվականի 4 տարբեր օրերի տուժողից պահանջել և ստացել է 20000-ական դրամ և ամեն անգամ գումարը ստանալուց հետո հետաձգել է վտարման գործընթացը։
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն։
Հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: