ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ պատրաստ է այս շաբաթ Ֆիլիպիններում կայանալիք Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) միջոցառումների շրջանակներում հանդիպել Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Վան Իի հետ։
«Մենք բաց կլինենք նրանց հետ հանդիպելու համար»,- լրագրողներին ասել է Ռուբիոն՝ Մանիլա մեկնելուց առաջ։
Անցյալ շաբաթ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Լավրովը հուլիսի 21-23-ը կայցելի Ֆիլիպիններ՝ մասնակցելու ASEAN-ի միջոցառումներին։
Կրեմլը ողջունել է ԱՄՆ-ի հետ արտաքին գործերի նախարարների մակարդակով շփումների գաղափարը։
«Վերջին օրերին Կրեմլը որևէ անմիջական շփում չի ունեցել ԱՄՆ ներկայացուցիչների հետ և կողջունի հնարավոր շփումները երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։