Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ, որտեղ հանդիպել է հիմնադրամի անձնակազմի և շահառուների հետ։
Հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը ներկայացրել է կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, իրականացված և ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև առաջիկա նախաձեռնությունները։ Նա նշել է, որ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամը երկար տարիներ իրականացնում է կանանց տնտեսական և սոցիալական զորեղացման, համայնքային զարգացման, քաղաքացիական մասնակցության խթանման և կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով խոցելի վիճակում գտնվող խմբերին աջակցությանը։
Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը կարևորել է կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը՝ հատկապես ուշադրություն հրավիրելով հաշմանդամություն ունեցող, ազգային փոքրամասնությունների համայնքները ներկայացնող և բռնի տեղահանված կանանց իրավունքների ապահովման անհրաժեշտության վրա։
Պաշտպանը նշել է, որ այդ խմբերի ներկայացուցիչների սոցիալական ներառումն ու տնտեսական զորեղացումը մարդու իրավունքների պաշտպանության կարևոր ուղղություններից են։
Ընդգծվել է, որ կանանց տնտեսական անկախության խթանումը միայն սոցիալական կամ տնտեսական խնդիր չէ, այլ մարդու հիմնարար իրավունքների իրացման կարևոր նախապայման։
«Յուրաքանչյուր կին պետք է ունենա հավասար հնարավորություն կրթություն ստանալու, աշխատելու, սեփական կարողություններն իրացնելու և հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու համար։ Առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն այն կանայք, որոնք միաժամանակ բախվում են մի քանի խոցելիության գործոնների։ Պետության և քաղաքացիական հասարակության համատեղ ու հետևողական աշխատանքը կարող է էական դեր ունենալ նրանց իրավունքների իրական պաշտպանության և հնարավորությունների ընդլայնման գործում»,– նշել է Անահիտ Մանասյանը։
Քննարկվել են բռնի տեղահանված անձանց սոցիալական ապահովության իրավունքի արդյունավետ երաշխավորման, նրանց սոցիալական իրավունքների պաշտպանության և առկա հիմնախնդիրների լուծմանն ուղղված հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև բռնի տեղահանված անձանց համար իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին, դրանց հասանելիության, կիրառման ընթացքում ի հայտ եկող խնդիրներին, ինչպես նաև աջակցության միջոցառումների արդյունավետության բարձրացման հնարավորություններին։
Պաշտպանն անդրադարձել է նաև կանանց իրավունքների պաշտպանության հարցերում հանրային պատասխանատվության և զգայուն մոտեցման կարևորությանը՝ ընդգծելով, որ հատկապես հանրային դերակատարների խոսքն ու վարքագիծը պետք է նպաստեն հավասարության, փոխադարձ հարգանքի և խտրականության բացառման մշակույթի ձևավորմանը։
Քննարկման ընթացքում հիմնադրամի շահառուները բարձրաձայնել են իրենց հուզող մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում էին համայնքային ենթակառուցվածքների մատչելիությանը, սոցիալական աջակցության ծրագրերի հասանելիությանը, զբաղվածության սահմանափակ հնարավորություններին, կրթական և վերապատրաստման ծրագրերի հասանելիությանը, հանրային պաշտպանների կողմից անվճար հիմունքներով իրավաբանական
օգնության տրամադրման հարցերին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանը։
Անահիտ Մանասյանը նշել է, որ բարձրացված բոլոր հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում և, մանդատի շրջանակում, կդառնան հետագա քննարկման առարկա՝ նպաստելով դրանց համակարգային լուծումների մշակմանը։
Հանդիպման ավարտին մասնակիցները շնորհակալություն են հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին այցի և բաց քննարկման համար՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։
Մարդու իրավունքների պաշտպանի մարզային այցերը կրում են շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով տեղում բացահայտել համակարգային խնդիրները, խթանել արդյունավետ համագործակցությունը և նպաստել մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը Հայաստանի բոլոր մարզերում։