Եմենի՝ Իրանի աջակցությունը ստացող հութիները երկուշաբթի հայտարարել են, որ ծովային շրջափակում են սահմանում Սաուդյան Արաբիայի նկատմամբ: Այդ քայլը հակաամերիկյան նոր ճակատ է բացում Իրանի դեմ պատերազմում և ընդլայնում է համաշխարհային էներգակիրների մատակարարման ու Պարսից ծոցի սահմաններից դուրս առևտրի սպառնալիքը, հաղորդում է Reuters-ը:
Իրանը ճնշում է գործադրել հութիների վրա՝ փակելու Կարմիր ծովում Բաբ էլ Մանդեբի նեղուցը, եթե ԱՄՆ-ն շարունակի հարձակվել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։
Իրենց հայտարարության մեջ հութիների զինված ուժերն ընդգծել են, որ «ծովային էմբարգո են հաստատում հանցավոր թշնամու՝ Սաուդյան Արաբիայի դեմ, հիմնված «ակն ընդ ական» սկզբունքի վրա, որն ուժի մեջ է մտնում անմիջապես»:
Նրանք հայտարարել են, որ այդ որոշումով պատասխանում են Սաուդյան Արաբիայի կողմից Եմենի «անարդար և ռեպրեսիվ պաշարմանը»: Սաուդյան Արաբիայից դեռևս արձագանք չի ստացվել։
Բաբ էլ Մանդեբ նեղուցի ամբողջական փակումը 7 տոկոսով կկրճատի նավթի համաշխարհային մատակարարումները, քանի որ սաուդյան նավթի արտահանման մեծ մասը հնարավոր չի լինի դուրս բերել տարածաշրջանից: Դա կխորացնի նավթի համաշխարհային մատակարարումների առանց այն էլ զանգվածային կրճատումը, որն առաջացել է Պարսից ծոցի պատերազմի պատճառով՝ տեղեկացնում է լրատվական գործակալությունը: