ԱԺ-ն քննարկում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Նախագծով առաջարկվում է ռազմական դրություն հետևանքով որպես կամավորական պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու մեկնած պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար սահմանել հետևյալ երաշխիքները՝
-
կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա Արցախի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնողի հիմնական աշխատավարձը պահպանել.
-
զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության, ինչպես նաև Արցախի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածները հաշվի առնել կիսամյակային հաշվետվությունների կամ կատարողականի հիման վրա պարգևատրման իրավունք տվող աշխատաժամանակում.
-
զորահավաքային զորակոչի միջոցով զինվորական ծառայության, կամ Արցախի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու մեկնած պետական ծառայողի կատարողականը բացասական գնահատվելու դեպքում չկիրառել Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված՝ հիմնական աշխատավարձի աճի կասեցման կամ աշխատավարձի իջեցման դրույթները.
-
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածում Պետական եկամուտների կոմիտեի քննիչներին համար հավելավճարը նախատեսել ոչ թե կոչման, այլ դասային աստիճանի համար՝ հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» օրենքի կարգավորումները:
Նախագիծը ներկայացրեց վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանը:
Նա տեղեկացրեց, որ նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում: