Մայրաքաղաքում մոտ 60 բազմաբնակարան շենքի կառուցումն ընդհատվել է. պատճառը հետպատերազմյան դժվարությունները չեն, այլ կառուցապատմանը վերաբերող տարբեր հարցերը՝ մի դեպքում բողոքավոր հարևանների խնդիր կա, մեկ այլ դեպքում կառուցապատող ընկերությունն է սնանկ ճանաչվել, մեկ ուրիշ դեպքում՝ կառուցման հիմքերն են անօրինական դրվել»:
Որ բանվորը գործ ունենա, երկաթն էլ չժանգոտվի, պետք է քարը քարին դնել, բայց շինարարը հաճախ գործ չի ունենում ոչ թե որ երկրում շենք կառուցող չկա, այլ բարձրահարկ նորակառույցը, օրինակ՝ փակում է հարևանի արևը։ Ու այդ պատճառով 2020-ի սեպտեմբերին օրենքում փոփոխություն արեցին, որ դատական պրոցեսի ընթացքում կառուցապատումը չկանգնի: Նախագծի հեղինակ, իմքայլական Նիկոլայ Բաղդասարյանն ասում է՝ եթե առաջ հայց ներկայացնելիս շինարարությունն ավտոմատ էր կասեցվում, հիմա հնարավորություն է տրվել, որ դատարանը որոշում կայացնի:
Նիկոլայ Բաղդասարյան (ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - Օրինակ, եթե կան հիմքեր, որ այդ շինարարությունը սպառնում է մարդկանց կյանքին և առողջությանը, պարտավոր է որոշման կատարումը կասեցնի մինչև դատական ակտի կայացումը, բայց, մեկտեղ, հայցվոր կողմը կարող է որոշակի գործողություններ կատարելով վիճարկել այդ հայցի ապահովման միջոցը:
Օրենսդրական փոփոխությունից հետո թվում էր, թե պետք է վերանան շինարարական խոչընդոտները, բայց կառուցապատողները վստահեցնում են՝ որոշ դեպքերում դատարանի կասեցման որոշումն անհիմն է:
Խաչիկ Սահակյան (Կառուցապատող ընկերության ներկայացուցիչ) - Մեր պարագայում մենք գտնվում ենք մոտավորապես 150 մետր հեռավորության վրա՝ մեր հարևանի շենքից: Հարց է առաջանում՝ բա եթե նման հեռավորության վրա Երևանում ինչ-որ մեկը որոշել է բողոքի, այսինքն՝ ի՞նչ, Երևանում շինարարություն չի՞ կարելի: Մեր հարևանն իր բողոքի մեջ նշել էր՝ իբրև թե շենքերը կառուցելով իրեն պատկանող առանձնատունը կարժեզրկվի ինչ-որ 200 միլիոն դրամի չափով:
«Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» խորհրդի անդամը հիշում է՝ մինչև օրենքի խմբագրումը Երևանում մոտ 150 շինթույտվություն կասեցվել էր. ավելի քան 500 միլիոն դոլարի հասնող նախագծեր էին։
Արմեն Սաքապետոյան («Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» խորհրդի անդամ) - Կառուցապատողների նկատմամբ թե՛ քաղաքային իշխանությունները, թե՛ կառավարությունը պետք է դնեն պայմաններ, սահմանեն ժամկետներ և տան ալտերնատիվներ՝ կա՛մ պետք է կառուցապատումը ավարտեն, կա՛մ վաճառեն, որովհետև ներդրման պարտականությունը կրում է կառուցապատողը:
Ամեն դեպքում Երևանում շարունակում են բնակարաններ կառուցել։ Զեյթունում շինարարական աղմուկ է: Արմեն Սաքապետոյանը գործընկերների հետ 4-րդ նախագիծն է իրականացնում։ Օրենքում փոփոխությունն իրենց շատ է օգնել, բայց օրենսդրական բացեր դեռ կան: Օրինակ է բերում՝ մի դեպքում հարևաններով պայմանավորվել ու կառուցապատողի դեմ բողոք չներկայացնելու համար մեծ գումար կամ կառուցվող շենքում բնակարան են պահանջել:
Արմեն Սաքապետոյան - Մենք ունենք դեպք, երբ իմ գործընկերներից մեկի մոտ, երբ փոքր 30 քմ կրպակի համար ուզում էր 150 հազար դոլար գումար ստանալ՝ պայմանով, որ չբողոքի: Կառուցապատողը բանակցեց, վճարեց 100 հազար դոլար, և դրանից ինքը շատ ուրախ էր, բայց ես զարմանում էր, որ ուրախ էր, որովհետև 30 հազար դոլարանոց գույքը գնեց 100 հազար դոլարով:
Քաղաքային իշխանությունն արձանագրում է, որ Երևանում անավարտ շինություններից 30-ը խոշոր ծրագրեր են՝ բազմաբնակարան շենքեր, բիզնես կենտրոններ ու հյուրանոցներ։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակն ասում է՝ ակնհայտ է, որ փոփոխված օրենքով խնդիրներն ամբողջությամբ չեն լուծվում, բայց նաև հաստատում՝ թնջուկը իրավական և օրենսդրական դաշտում է։
Հակոբ Կարապետյան (Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար) - Քաղաքի համար սա լուրջ խնդիր է, որովհետև քաղաքային իշխանությունը շահագրգռված է, որ շինարարությունը տեղի ունենա, կիսատ մնացած շինությունները քաղաքում անհարմարություն են ստեղծումч սկսած արտաքին տեսքից վերջացրած փոշուց և այլն:
Կառուցապատող ընկերության ներկայացուցիչը մեկ այլ խնդիր է բարձրացնում՝ բյուրոկրատական քաշքշուկն է շատ՝ շինթույլտվության ստացումից մինչև ավարտական ակտ գործընթացն անտեղի ձգձգվում է: Խաչիկ Սահակյանը հիշում է՝ դեպք է եղել, երբ սահմանված 5 ամսվա փոխարեն իրենց փաստաթղթերը հաստատվել են մոտ երկու տարում:
Խաչիկ Սահակյան - Նմանատիպ խոչընդոտներն անդրադառնում են նաև շուկայի գնողունակության վրա, մարդիկ սկսում են որոշումն ավելի դժվար կայացնել, ավելի երկար մտածել, ավելի շատ ուսումնասիրել:
Երևանի քաղաքապետարանից մեկնաբանում են, որ յուրաքանչյուր դեպքում անհատական մոտեցում է դրսևորվում: Դիմումից մինչև ավարտական ակտի հաստատումը, կախված շենքի հարկայնությունից, հողի սեփականության ու այլ առանձնահատկություններից, կարող է ամիսներ, անգամ տարիներ տևել: Որ կառուցապատողը տեղից տեղ չվազի ու մի թղթի համար ամիսներով չսպասի, պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն Ազգային ժողով նախագիծ է ներկայացնել: Նախատեսվում է գործընթացը «մեկ պատուհանի» սկզբունքով անել: Կառուցապատողը դիմելու է համայնքին, ու մնացած խնդիրներով զբաղվելու է տեղական ինքնակառավարման մարմինը:
Մյուս կողմից էլ, ըստ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակի, կառուցապատողներն են երբեմն չարաշահում պետության վստահությունը։ Նման դեպքերի համար առաջարկում է նոր մեխանիզմներ մշակել, որ անբարեխիղճ տնտեսվարողը չկարողանա շինթույլտվությունն անվերջ երկարացնել: