Ապրիլյան քառօրյայից հինգ տարի անց հորեղբոր շիրիմին քառամյա Քյարամն է այցի ...
Քյարամ Սլոյանի զոհվելուց հետո երեք եղբայր ուխտ էին արել՝ ով որդի ունենա, հերոսի անունը պետք է կրի:
Նվեր Սլոյան (Քյարամ Սլոյանի եղբայրը) - Կինս երազում տեսել էր Քյարամին, ասել էր՝ երբ որ Քյարամը ծնվի, բռասլետ կառնեք ու անունը վրան կգրեք:
Քյարամից բացի, ևս երկու հայ զինծառայողի՝ Հրանտ Ղարիբյանի և մայոր Հայկ Թորոյանի գլխատման փաստով Հայաստանը ՄԻԵԴ անհատական գանգատներ է ներկայացրել: Գործերը դեռ ընթացքի մեջ են: Հայաստանը սպասում է Թալիշ գյուղի տարեց երեք անձանց և 19 զինծառայողի խոշտանգման դեպքով Եվրոպական դատարանի վճռին:
Եղիշե Կիրակոսյան (ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ) - Միայն Քյարամի մասին չէ խոսքը: Մի քանի դիմումատուներ կան: Այդ մասով ավարտվել է դատարանում առկա գործի վերաբերյալ դիրքորոշման ներկայացման պրոցեսը: ՀՀ-ն ներգրավվել է որպես երրորդ կողմ: Այս պահին սպասում ենք Եվրոպական դատարանի վճռին:
2020-ի սեպտեմբեր-նոյեմբերին Ադրբեջանի ռազմական, պատերազմական հանցագործություները 2016-ի ապրիլյանի համեմատ անհամեմատ ավելի շատ են՝ ծավալով, անմարդակային դաժանությամբ, գերիների խոշտանգումների դեպքերով: Հայաստանը փետրվարին միջպետական գանգատ է ներկայացրել` ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար:
Եղիշե Կիրակոսյան - Այս պահին էլ շարունակում ենք ապացույցներ ներկայացնել, որովհետև դատարանում պրոցեսը՝ գործի քննության, նոր է սկսվում և դեռ բավական ժամանակ կշարունակվի:
2016-ի ռազմական աղաղակող հանցագործությունների ապացույցներով Արցախի ՄԻՊ-ի գրասենյակը բաց և փակ զեկույց հրապարակեց: Գլխատումներ, անշնչացած մարմինների խոշտանգում, գերիների նկատմամբ վայրագություն: Միջազգային կոնվենցիաների կոպտագույն խախտումներն անհերքելի են:
Գեղամ Ստեփանյան (Արցախի ՄԻՊ) - Հայ զոհերի 90 տոկոսը խոշտանգված էր, և Ադրբեջանը սրա համար չի դատապարտվել, այլև ողջունել է այդ վայրագությունները իրականացնողներին:
Ադրբեջանի՝ հինգ տարի առաջ կատարած ռազմական հանցագործությունների անպատժելիությունը թույլ տվեց Բաքվի իշխանություններին ավելի սաստկացնել ռազմատենչ հռետորաբանությունն ու հայերի նկատմամբ ատելության քարոզը:
Ապրիլյանի 5-րդ տարելիցին հայտարարություն տարածեցին Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարությունները:
ՀՀ ԱԳՆ - Այս քաղաքականության իրականացման արդյունքը դարձավ 2020թ. Թուրքայի և վերջինիս կողմից հովանավորվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նոր ռազմական ագրեսիայի սանձազերծումը, որը հանգեցրեց բազմաթիվ անդառնալի մարդկային և նյութական կորուստների: Ադրբեջանի ռազմական օկուպացիայի ներքո անցավ Արցախի տարածքի զգալի մասը, տասնյակ հազարավոր քաղաքացիներ դարձան փախստական:
ՄԻԵԴ դիմելուց զատ, Հայաստանում քրեական հետապնդում են հարուցել կոնկրետ խոշտանգողների նկատմամբ:
2020-ին Ադրբեջանը ռազմական հանցագործություններով չսահմանափակվեց, իրականացրեց մարդկության դեմ հանցագործություն՝ թիրախավորեց խաղաղ բնակչությանը:
Եղիշե Կիրակոսյան - Երբ մենք նայում ենք պատերազմական գործողությունների ընթացքը, ու օրինակ՝ թիրախավորված ռմբակոծությունները կոնկրետ ուղղություններով ռմբակոծությունների վրա, դա նաև կարելի է որակել նաև որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որովհետև այն միտված է կոնկրետ բնակավայրերը դատարկելուն: Այսինքն՝ որպեսզի ստիպեն, ահաբեկեն քաղաքացիական բնակչությանը՝ լքել իրենց բնակավայրերը:
Հայաստանը սպասում է, որ Եվրոպական դատարանը արձանագրի Ադրբեջանի կողմից քառօրյայի ու քառասունչորսօրյայի ընթացքում մարդասիրական իրավունքի և եվրոպական կոնվենցիայի խախտումներն ու Ադրբեջանից փոխհատուցում պահանջի:
Քյարամի եղբայրը դեռ սպասում է հանցագործների պատժին ու եղբոր անունը կրող ջոկատով սահման մեկնում՝ հայրենիքը պաշտպանելու: