Եվս մեկ արաբական երկիր խաղաղության համաձայնագիր կստորագրի Իսրայելի հետ առաջիկա օրերին: Այս մասին համոզմունք է հայտնել ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը՝ տեղեկացնում է Al Arabiya-ն:
«Մենք ծրագրել ենք, որ շուտով կհայտարարենք ավելի շատ երկրների մասին, որոնք խաղաղության համաձայնագիր կստորագրեն Իսրայելի հետ: Մեկ երկիր համաձայնագիրը կստորագրի արդեն առաջիկա մեկ-երկու օրում»,- հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Քելի Քրաֆթը:
Ամերիկացի դեսպանի հավաստմամբ՝ մյուս երկրներն էլ կհետևեն գործընթացին: Քրաֆթը հույս է հայտնել, որ Իսրայելի հետ խաղաղության համաձայնագիր կստորագրի Սաուդյան Արաբիան: Մարոկկոն, Օմանն ու Սուդանը հավանաբար կլինեն արաբական մյուս երկրները, որոնք ցանկանում են կապեր հաստատել հրեական պետության հետ:
Հիշեցնենք, որ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով խաղաղության համաձայնագիր էին ստորագրել չորս արաբական երկիր՝ Եգիպտոսը, Հորդանանը, ԱՄԷ-ն ու Բահրեյնը: