ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Փարիզում մասնակցել է «Վերափոխելով կրթությունը. գագաթնաժողով+4» (Transforming Education Summit +4) բարձր մակարդակի միջոցառմանը, որի առանցքում ճգնաժամային իրավիճակներում կրթության շարունակականության, ինչպես նաև հակամարտություններից, բնական աղետներից, տեղահանությունից և այլ արտակարգ իրավիճակներից տուժած երեխաների համար անվտանգ և որակյալ կրթության հասանելիության հարցերն էին։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Միջոցառման շրջանակում Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ««Վերափոխելով կրթությունը» գագաթնաժողովի գլոբալ նախաձեռնությունների ձեռքբերումները և դրանց նշանակությունը 2030 թվականից հետո» խորագրով պանելային քննարկմանը և հանդես եկել ելույթով։
Ներկայացնելով Հայաստանի փորձը՝ նախարարը նշել է, որ հիմնարար ուսումնառությունը, զբաղվածության համար անհրաժեշտ հմտությունների զարգացումն ու հարատև կրթությունը մեկ ամբողջական քաղաքականություն են, որը սկսվում է վաղ մանկությունից և շարունակվում ամբողջ կյանքի ընթացքում։
Նա շեշտել է՝ ՀՀ Կառավարությունը կրթությունը հռչակել է «ռազմավարությունների ռազմավարություն», որի առաջնորդող գաղափարն է՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես»։
«Կրթությունը պետք է մարդուն պատրաստի ոչ միայն աշխատաշուկա մուտք գործելու, այլև փոփոխություններին հարմարվելու, հասարակական կյանքին իմաստալից մասնակցելու և արժանապատիվ կյանք կառուցելու համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է մինչև 2030 թվականն իրականացվող կրթական բարեփոխումները՝ առանձնացնելով ներառական և սովորողակենտրոն կրթության զարգացումը, կարողունակությունների վրա հիմնված պետական չափորոշչի ներդրումը, կյանքի հմտությունների և թվային գրագիտության զարգացումը, ինչպես նաև կրթության կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունները։ Նրա խոսքով՝ բարեփոխումների արդյունքներն արդեն արտացոլվում են նաև միջազգային գնահատումների ցուցանիշներում։
Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ անդրադարձել է կրթության թվային վերափոխմանն ու արհեստական բանականության կիրառմանը՝ նշելով, որ Հայաստանը փուլ առ փուլ անցում է կատարում ընդհանուր թվային գրագիտությունից դեպի դպրոցներում ԱԲ խորացված ուսուցում։
Նախարարը շեշտել է, որ կրթության նպատակը չի սահմանափակվում միայն զբաղվածության ապահովմամբ։
Նրա խոսքով՝ կրթությունը պետք է նպաստի նաև խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, բազմազանության նկատմամբ հարգանքի և սոցիալական պատասխանատվության արժեքների ձևավորմանը. «Հայաստանի նախաձեռնությամբ 2026 թվականի հունիսի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան առանց քվեարկության ընդունել է «Կրթություն հանուն խաղաղության բանաձևը»։
«Վերափոխելով կրթությունը. գագաթնաժողով+4»-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ անցկացվող բարձր մակարդակի միջազգային հարթակ է, որը միավորում է պետությունների ղեկավարներին, նախարարներին և միջազգային գործընկերներին՝ գնահատելու 2022 թվականի «Վերափոխելով կրթությունը» գագաթնաժողովի արդյունքները և արագացնելու կրթության ոլորտի բարեփոխումները՝ մինչև 2030 թվականը Կայուն զարգացման 4-րդ նպատակի (Որակյալ կրթություն) իրականացման ուղղությամբ։
Գագաթնաժողովի բացմանը ներկա են եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ էլ Էնանին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Մոհամեդը և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ, Կայուն զարգացման 4-րդ նպատակի՝ «Որակյալ կրթություն» ղեկավար կոմիտեի համանախագահ Սիրիլ Ռամաֆոսան։