Խորհրդարանը քննարկում է պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Վարդան Վարդանյանի, Տիգրան Ստեփանյանի, Հրանտ Մադաթյանի, Դավիթ Մանուկյանի, Ջանիբեկ Հայրապետյանի, Սոնա Ղազարյանի ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Նախագիծը կարգավորումներ է սահմանում ՏԻՄ-երին նվիրատվություն կամ նվիրաբերություն կատարելու կարգի մեջ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հարցով հիմնական զեկուցող Սոնա Ղազարյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում օրենքի նախագծում կատարվել է երկու հիմնական փոփոխություն։
«Առաջինը՝ համայնքների համար օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը պահպանվել է բոլոր համայնքների համար՝ բացառությամբ Երևանը։ Երևանի պարագայում մենք առանձնացրել ենք դրույքաչափը և սահմանել, որ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող նվիրաբերության կամ նվիրատվության պարագայում Երևանի քաղաքապետը պարտավոր է այդ մասին տեղեկացնել yerevan.am համացանցային կայքով»,-նշեց Ղազարյանը։
Անդրադառնալով նվիրատուի անձնական տվյալների պաշտպանությանը, Սոնա Ղազարյանը նշեց. «Սահմանել ենք, որ նվիրատուի մասին տեղեկատվությունը հրապարակման ենթակա է այն պարագայում, երբ նվիրատուի կողմից կա գրավոր համաձայնություն»։