Բրազիլիայի հարավարևելյան շրջաններում առատ տեղումների պատճառով համատարած հեղեղումներ ու սողանքներ են գրանցվել: Տարերային աղետի հետևանքով մահացածների թիվը հասնում է 25-ի: Աղետի գոտում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ: Փրկարարներին օգնության են հասել հարյուրավոր կամավորներ: Եվս 25 մարդ անհետ կորած է համարվում: Ամենայն հավանականությամբ, նրանք փլատակների մեջ են: Սողանքների ու հեղեղումների պատճառով կան բազմաթիվ ավերածություններ: Արգելափակվել են կարևոր նշանակության ճանապարհներ: Կանխատեսվում է, որ առաջիկա օրերին առավել չոր եղանակ կլինի, ինչը փրկարարներին հնարավորություն կտա ավելի արդյունավետ աշխատել: