Բոլոր պետություններն իրենց ահաբեկիչների վերաբերյալ տվյալները մուտքագրում են շտեմարան, որի համակարգումը կատարվում է հակաահաբեկչական կենտրոնի կողմից: Մենք կարող ենք այս կամ այն խմբավորումների վերաբերյալ տեղեկացնել մյուս պետություններին՝ ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԱԾ պետի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:
Նա զեկուցում էր «Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակում ահաբեկչության և ծայրահեղականության և այլ դրսևորումների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
«Համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 3-ին՝ Տաշքենդում՝ ՌԴ-ի Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կառավարությունների կողմից: ՀՀ վարչապետը համաձայնագիրը ստորագրել է վերապահմամբ, համաձայն որի, այն ուժի մեջ է մտնում ԱԺ-ի կողմից վավերացվելուց հետո: Համաձայնագիրը ստորագրած մյուս պետություններում այն արդեն ուժի մեջ է մտել»,- ասաց Մարտիրոսյանը:
Նախագծի նպատակն է ահաբեկչության, բռնի դրսևորումների պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման ապահովումն ու միջպետական համագործակցությունը:
Տեղեկության փոխանակումը կատարվելու է դիվանագիտական ուղիներով, սուրհանդակային ծառայության օգտագործմամբ, իրավասու մարմինների համաձայնեցված այլ միջոցով: Մարտիրոսյանի խոսքով՝ միջպետական տեղեկատվական համակարգ է հանդիսանում ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի տվյալների մասնագիտացված շտեմարանը: Շտեմարանի իրավական ռեժիմը որոշվում է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի կողմից: