Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրավապաշտպան Օսման Կավալայի արդարացումը համարել է Թուրքիայի արտաքին թշնամիների դավադրություն: Երեքշաբթի թուրքական դատարանը արդարացրել էր Կավալային, որը ձերբակալվել էր ավելի քան երկու տարի առաջ, այսպես կոչված, Գեզիի բողոքի ակցիաների ժամանակ: Նրա հետ ազատ է արձակվել նույն գործով ձերբակալված ևս 8 մեղադրյալ:
Ավելի ուշ Ստամբուլի դատախազությունը Կավալայի կալանավորման նոր հրամանագիր է տվել՝ նրան մեղադրելով կառավարությունը տապալելու փորձին ներգրավված լինելու համար:
Կավալան հայտնի թուրք իրավապաշտպան է, որի Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամն աջակցում է էթնիկական և կրոնական փոքրամասնությունների նախագծերին, որոնք հաճախ միջազգային ուղղվածություն ունեն, ինչպես նաև թուրք և հայ բնակչության հաշտեցմանն ու քրդական խնդրի խաղաղ լուծմանը: