ԱՄՆ-ի Զինված ուժերն այսօր ենթարկվել են զինված հարձակման Աֆղանստանում, կան զոհեր ու վիրավորներ: Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Աֆղանստանում ԱՄՆ օդուժի ներկայացուցիչ, գնդապետ Սոնի Լեգեթին և անանուն աֆղան պաշտոնյային:
«Միացյալ Նահանգների և Աֆղանստանի համատեղ ուժերը, որոնք Նանգարհար նահանգում հատուկ գործողություն էին իրականացնում, փետրվարի 8-ին ենթարկվել են ուղիղ հրետանակոծման»,- ասել է ԱՄՆ զինվորականը:
Աֆղանստանի անանուն պաշտոնյան էլ գործակալությանը հայտնել է, որ զոհերի դիակները տեղափոխելու նպատակով մի քանի ուղղաթիռ է ուղարկվել դեպքի վայր:
«Մենք չգիտենք, թե քանիսն են սպանվել և վիրավորվել»,- ասել է պաշտոնյան:
Ահաբեկչական խմբերից ոչ մեկը դեռևս պատասխանատվություն չի վերցրել հարձակման համար: Պենտագոնը նույնպես չի մեկնաբանել պատահածը: