Ազգային ժողովում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին ԱԺ որոշման նախագծի չընդունմանը: Նա նշել է, որ Սահմանադրությամբ Ազգային ժողովի նախագահն ապահովում է խորհրդարանի բնականոն գործունեությունը. «Ինչո՞ւ չեք ապահովում Ազգային ժողովի բնականոն գործունեությունը: Ազգային ժողովի մեկ քառորդի ստորագրություններ են հավաքվել, և հանձնաժողովը չի կարող գործել»,- նշել է Մարուքյանը՝ ընդգծելով, որ Միրզոյանը հայտարարել էր, թե որևէ խնդիր չկա, այն ստեղծված է և պետք է գործի, բայց, փաստորեն, այդ հանձնաժողովը չունի կազմ, և խորհրդարանի ցանկացած հանձնաժողով եթե չի գործում, նշանակում է՝ խորհրդարանի ինչ-որ մարմին չի գործում: «Եթե ինչ-որ մարմին չի գործում՝ նշանակում է՝ նախագահը չի կարողանում ապահովել խորհրդարանի բնականոն գործունեությունը: Ինչո՞վ ձեզ օգնենք, պարո՛ն Միրզոյան, որ կարողանաք բնականոն գործունեություն իրականացնել»,- նշել է Մարուքյանը:
Միրզոյանն ընդգծել է, որ նրա օգնության կարիքը չունի. «Որպես փորձված իրավաբան՝ դուք պետք է շատ լավ հասկանայիք, որ Ազգային ժողովի նախագահն այդ հարցի առնչությամբ իր իրավասությունների շրջանակում ինչ պարտավոր էր և կարող էր անել՝ արել է, մնացյալը՝ թիվը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկվում է Ազգային ժողովի լիագումար նիստի ընթացքում: Պատգամավորներն իրենց քվեարկության մեջ ազատ են: Մեղադրել Ազգային ժողովի նախագահին պատգամավորների քվեարկության որևէ այս կամ այն արդյունքի մեջ՝ նշանակում է լավ չհասկանալ Սահմանադրության տրամաբանությունը»,- ասել է ԱԺ նախագահը: