Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի առաջին օրը կլիմայի խնդիրների հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը հեռակա քննադատել են միմյանց:
Թրամփը, որը Միացյալ Նահանգները դուրս բերեց Կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզյան համաձայնագրից, խոսել է ԱՄՆ-ի տնտեսական բարգավաճման մասին և խոստացել միանալ Երկրագնդի վրա տրիլիոն նոր ծառ տնկելու գլոբալ նախաձեռնությանը: Մինչդեռ 17-ամյա էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգը, որն անցյալ տարի դարձավ ամբողջ աշխարհում էկո-շարժման խորհրդանիշն ու ոգեշնչողը, հակադարձել է Թրամփին, հայտարարելով, որ հնարավոր չէ կլիմայի փոփոխությունը դադարեցնել միայն նոր ծառեր տնկելով:
ԱՄՆ նախագահը էկոակտիվիստներին կոչել է ապոկալիպսիսի մարգարեներ, որոնք, ըստ Թրամփի, պահանջում են բացարձակ ուժ ՝ իշխելու, վերափոխելու և վերահսկելու կյանքի բոլոր ոլորտները, իսկ ֆորումի մասնակիցներին հորդորել է պահպանել լավատեսությունը: