Ստամբուլի դատարանը դատապարտել է «Sozcu» թերթի աշխատակիցներին ու լրագրողներին, որոնց մեղադրանք էր առաջադրվել 2016-ի ամռանը Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ պետական հեղաշրջում իրականացնելու անհաջող փորձի մեջ: Թերթի աշխատակիցները, որոնցից վեցը լրագրողներ են, մեղավոր են ճանաչվել հեղաշրջման կազմակերպիչներին իրենց հրապարակումներով օգնելում:
«Sozcu»-ի վերլուծաբաններ Էմին Կոլոսանն ու Նեջաթ Դողրուն դատապարտվել են 3,5 տարվա ազատազրկման, թերթի գլխավոր խմբագիր Մեթին Յըլմազն ու պարբերականի առցանց տարբերակի գլխավոր խմբագիր Մուստաֆա Չեթինը 3 տարի կանցկացնեն ճաղերի հետևում, իսկ ֆինանսական տնօրեն Յոնչա Յուջելանը, խմբագիր Յուչել Արին և լրագրող Գյոքմեն Օլուն երկու տարի կանցկացնեն բանտում:
Ստամբուլի մեդիա-հանրությունն իր վրդովմունքն է արտահայտել այս դատավճիռների դեմ, իսկ դատապարտյալները հայտարարել են, որ նրանք մերժում են մեղադրանքը և բողոքարկելու են դատավճիռը: Ավելին՝ Լրագրողների պաշտպանության կոմիտեն նշել է, որ պարբերականը ոչ միայն կապ չունի հայտնի աստվածաբան Ֆեթուլլահ Գյուլենի հետ, այլև իր էջերում մշտական քննադատության է ենթարկել գյուլենականությունն ու Գյուլենին, որին Էրդողանի ռեժիմը մեղադրում է ձախողված հեղաշրջում կազմակերպելու մեջ:
Ի դեպ, Թուրքիան աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ ձերբակալված ու կալանավորված լրագրողների առումով: Այս պահին այդ երկրում արդեն իսկ ճաղերի ետևում են հայտնվել 108 լրագրող:
«Sozcu»-ի աշխատակազմի փոխանցմամբ՝ իշխանությունների կողմից խոսքի ազատության ճնշման հետևանքով տասնյակ լրատվամիջոցներ փակվել են, իսկ մնացած մասը, մեծավ մասամբ, կամ առևտրային սուբյեկտների վերահսկողության տակ է, կամ՝ Էրդողանի դուդուկի տակ է պարում:
«Sozcu»-ն, թերևս, վերջիններից մեկն էր, որը հատկապես վերջին երկու տարիներին սուր քննադատության էր ենթարկում Էրդողանին ու նրա հաստատած սուլթանական ռեժիմը: