Թուրքիայի Վան քաղաքի անվտանգության վարչության աշխատակիցների գործողության արդյունքում ձերբակալվել են Վանի նահանգի Մուրադիե, Օզալփ և Բաշքալե շրջանների ղեկավարները՝ տեղեկացնում է Ermenihaber-ը: Վերջիններս քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամներ են և համարվում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ:
Բաշքալե շրջանի ղեկավար Էրքան Աջարը, Մուրադիեի համաղեկավարներ Յըլմազ Շալանն ու Լեյլա Բալքանը, Օզալփ շրջանի համաղեկավարներ Յակուբ Ալմաչն ու Դիլան Օղրենջին մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամ լինելու և ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու մեջ։ Նրանց դեմ հետաքննություն է սկսվել։
Նշյալ անձանց բնակարանները խուզարկվել են և մեծ թվով փաստաթղթեր ու էլեկտրոնային նյութեր առգրավվել՝ փոխանցում է նույն աղբյուրը։