Պայթյունի վտանգի սպառնալիքը ստիպել է մարդկանց տարհանել Խաբարովսկի օդանավակայանի շենքից: Այս մասին հաղորդում են լրատվամիջոցները՝ հղում անելով օդանավակայանի ղեկավարությանը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը, հրշեջները, շտապօգնությունը, ինչպես նաև ականազերծման մասնագետների խումբը: Պայթուցիկ սարք, սակայն, չի հայտնաբերվել:
Այնուամենայնիվ, անվտանգության նկատառումներից ելնելով, սպասասրահից մարդկանց տեղափոխել են մյուս միջազգային տերմինալ և ավտոբուսներ: Թռիչքները, սակայն, չեն հետաձգվել:
Նման զանգերի պատճառով աշխատակիցներ և ուղևորներ են տարհանվել նաև երկաթուղային և ավտոբուսի կայարանների շենքերից: Անցյալ շաբաթ էլ հեռախոսային ահաբեկիչների զանգերը ստիպել են տարհանել Խաբարովսկի 40 մանկապարտեզի երեխաներին: Բոլոր դեպքերում էլ պայթուցիկ նյութեր չեն գտել: