Պաշտոնական Վարշավան դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները: Ռուսաստանի ղեկավարը պաշտպանել է Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը, որում, ըստ լեհական կողմի, Խորհրդային Միությունը և Գերմանիան Լեհաստանը բաժանեցին օկուպացիայի գոտիների: Պուտինը Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը համարել է համաշխարհային պատերազմից խուսափելու փորձ և Լեհաստանի տարածքն ազդեցության գոտիների բաժանելու մասին արձանագրությունը չի ընդունել որպես օկուպացիայի մասին համաձայնագիր:
«Խորհրդային Միությունը Լեհաստանից ոչինչ չի վերցրել»,- ասել է Պուտինը: Նա նաև հայտարարել է, որ «Լեհաստանը և Գերմանիան միասին էին գործում» Չեխոսլովակիան մասնատելու հարցում:

Լեհաստանի արտգործնախարարությունը Ռուսաստանի նախագահի խոսքը բնորոշել է «Ստալինյան ժամանակաշրջանի քարոզչական հայտարարություններ», որոնք «ներկայացնում են իրադարձությունների կեղծ պատկերը»:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին Վլադիմիր Պուտինի ելույթի վերաբերյալ Լեհաստանի արտգործնախարարության հայտարարությունը, որում նշված է, որ Պուտինը գործնականում ջնջեց երկու երկրների միջև պատմական փոխըմբռնման հաստատման նախկին ջանքերը: «Հենց Վարշավայի ներկայացուցիչներն են տարիներ շարունակ խոչընդոտել փորձագետների աշխատանքը և երկկողմ հարաբերությունների զարգացումը: Ագրեսիվ հռետորաբանությունը, ֆաշիզմի դեմ պայքարող զինվորների հուշարձանները քանդելը, ԵՄ-ի՝ հակառուսական պատժամիջոցներն ընդունելու հարցում ակտիվ դերակատարումը դրա ուղղակի ապացույցներն են»,- նշել է Զախարովան:
