Ուկրաինան պատրաստվում է մինչև «Նորմանդական քառյակի» հաջորդ հանդիպումը փոփոխություն կատարել Մինսկյան համաձայնագրում: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին՝ կոչ անելով փոփոխություն մտցնել փաստաթղթում, մասնավորապես սահմանների վերահսկման առումով: Ռուս օրենսդիրներն ու քաղաքագետներն արձագանքել են Կիևի այդ որոշմանը: Նրանք այն տեսակետին են, որ «Մինսկ-2»-ը ապագա չունի, այն հնարավոր չէ ընդունել որպես Դոնբասում հակամարտության լուծման հնարավոր տարբերակ:
Կոնտակտային խմբի Ռուսաստանի ներկայացուցիչ Բորիս Գրիզլովը այդ հայտարարությունն անվանել է սադրանք, որը կարող է բարդացնել իրավիճակը Դոնբասում:
«Մինսկ -2»-ի փոփոխության հետ կապված ցանկացած առաջարկություն պահանջում է փոխադարձ կամք և համաձայնություն հակամարտության բոլոր կողմերի հետ, հակառակ դեպքում նման խոսակցություններն անիմաստ են», ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Մինսկի համաձայնագրերը փոփոխելու գաղափարը:
«Նորմանդական քառյակի» ղեկավարները որոշել են նորից հանդիպել 4 ամիս հետո: Կողմերը վստահ չեն, որ պայմանավորվածությունը կպահպանվի: ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի խոսքով, եղել են նախադեպեր, երբ հանդիպումները հետաձգվել են: