Փարիզում վերսկսվել են կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի զանգվածային ակցիաներն ու գործադուլները: Համազգային ցույցերը Ֆրանսիայի տարբեր բնակավայրերում սկսվել են դեկտեմբերի 5-ից: Բողոքի ալիքը բարձրացել էր այն ժամանակ, երբ Ֆրանսիայի կառավարությունն առաջարկել էր փոփոխություններ կատարել կենսաթոշակային օրենսդրությունում: Ակցիային մասնակցում են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ բժիշկներ, դատավորներ, ուսուցիչներ, երկաթուղայիններ և ուսանողներ: Զանգվածային ցույցերն անցկացվում են նաև Մարսելում, Լիոնում ու Նանտում: