Տհաճ միջադեպ է տեղի ունեցել Ստոկհոլմում գրականության Նոբելյան մրցանակի հանձնման արարողության ժամանակ, գրել է The Gardian-ը: Այս տարի այդ բարձր պարգևին արժանացավ ավստրիացի դրամատուրգ Փիթեր Հանդկեն: Նա չի թաքցրել իր համակրանքը Սերբիայի առաջնորդ Սլոբոդան Միլոշևիչի հանդեպ, որին միջազգային դատարանը մեղադրում էր պատերազմական հանցագործությունների համար: Դրամատուրգը նաև պնդել է, որ բոսնիացի մուսուլմաններն իրենք են զանգվածային սպանություններ կատարել Սարաևոյում, իսկ հետո դրա համար մեղադրել սերբերին: Նա նաև կասկածի տակ է առել 1995 թվականին Սրեբրենիցայում հազարավոր մահմեդականների կոտորածը: Երկար տարիներ Հանդկեին քննադատել են այդ դիրքորոշումների համար:
Ավստրիացի դրամատուրգին այդ մեծ պատվին արժանացնելը բոյկոտել են գիտնականներ, հասարակական գործիչներ, ինչպես նաև մի շարք պետությունների ղեկավարներ: Կոսովոյի և Ալբանիայի կողքին է հայտնվել Թուրքիան, որի նախագահը հայտնի է Հայոց ցեղասպանության հարցում իր անբարտավան ու ժխտողական կեցվածքով: Էրդողանն անընդունելի է համարել գրականության մրցանակի հանձնումը մի մարդու, որը հերքում է Բոսնիա-Հերցեգովինայի ցեղասպանությունը:
Ուշագրավ է բոսնիական ծագումով շվեդ գրողի հայտարարությունը, որում նշվում է. «Ցեղասպանությունը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց, որի վերջին փուլը ժխտումն է»: