Թուրքիայի իշխանությունները Ֆրանսիա են ուղարկել ֆրանսիական քաղաքացիություն ունեցող՝ «Իսլամական պետություն» խմբավորման 11 զինյալի: Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը:
Նույն հայտարարության մեջ ասվում է, որ կշարունակվի նաև «Իսլամական պետության» հետ կապված մյուս երկրների քաղաքացիների արտահանձնումը: Իրավապահները նշում են, որ ԵՄ մի շարք երկրներ ջանքեր են գործադրում՝ չընդունելու Թուրքիայում ձերբակալված եվրոպացի ահաբեկիչ քաղաքացիներին:
Ըստ Anadolu գործակալության՝ Թուրքիան արտաքսել է ԻՊ-ի մոտ 7,5 հազար գրոհայինի, 1,149-ն էլ շարունակում են մնալ երկրի բանտերում:
Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն դեռևս նոյեմբերի 8-ին հայտարարել էր, որ Թուրքիան կսկսի ԻՊ գերված զինյալների ուղարկել Եվրոպա, նույնիսկ եթե նրանց քաղաքացիությունը չեղյալ հայտարարվի: Նա նաև դատապարտել էր Բելգիային, որն առաջարկել էր գրոհայիններին դատել այնտեղ, որտեղ նրանք հանցագործություններ են կատարել: Իսկ նոյեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ Թուրքիան սկսել է իրականացնել զինյալներին հայրենադարձելու իր ծրագիրը: Այդ ժամանակ հաղորդեցին ԱՄՆ-ի մեկ և Գերմանիայի 7 քաղաքացու արտաքսման մասին: