Բեռլինի պատի անկման 30-ամյակի կապակցությամբ հրավիրված ընդունելության ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մասնավոր զրույցում կոշտ քննադատության ենթարկեց Էմանուել Մակրոնին՝ գրում է Focus Online-ը: Գերմանիայի կանցլերը Մակրոնին մեղադրել է «ապակառուցողական քաղաքականություն վարելում», ինչի հետևանքով նա ստիպված է լինելու վերականգնել Ֆրանսիային հասցրած վնասը:
Focus Online-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Մակրոնը կտրուկ արտահայտություններ էր արել ՆԱՏՕ-ի դեմ ՝ դաշինքում «ուղեղի կանգ» ախտորոշելով: Բացի այդ, Ֆրանսիան վետո էր դրել Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների բրյուսելյան որոշման վրա:
Ըստ Focus Online-ի՝ Էմանուել Մակրոնն ու Անգելա Մերկելը խիստ տարբեր մոտեցումներ ունեն. Ֆրանսիայի նախագահը փորձում է արագ լուծումներ գտնել քաղաքական հարցերի համար, մինչդեռ Գերմանիայի կանցլերը գերադասում է գործնական մոտեցումը: Այս տարբերության պատճառով երկու առաջնորդների միջև հարաբերությունները բարդանում են:
Այդուհանդերձ, Մակրոնի խոսքերից հետո, Գերմանիան որոշեց ստուգել ՆԱՏՕ-ում որոշումների կայացման ողջ գործընթացը՝ նշում է պարբերականը, հավելելով, որ Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասն առաջարկել է ստեղծել փորձագետների հատուկ խումբ, որը կգլխավորի ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Գերմանիան որոշել է նման քայլի գնալ ոչ միայն Մակրոնի խոսքերի, այլև Սիրիայում Միացյալ Նահանգների և Թուրքիայի միակողմանի գործողությունների պատճառով: