Եվրոպան քննարկում է Հյուսիսատլանտյան դաշինքին ուղղված Ֆրանսիայի նախագահի քննադատությունը: Մակրոնը վստահ է, որ դաշինքը ճիշտ չի արձագանքում Սիրիայում թուրքական գործողությունների մեկնարկին, և որ ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ն համաձայնեցված չի գործում ռազմավարության մակարդակում: Նրա հայտարարությունները քննադատեցին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
Արևմտյան մամուլը շարունակում է ողողվել Ֆրանսիայի նախագահին ուղղված քննադատություններով: Times-ը գրում է. «ՆԱՏՕ-ն այժմ ավելի կարևոր, առանցքային դեր ունի անվտանգության ապահովման գործում, քան «սառը պատերազմի» կեսին», ասել է Մեծ Բրիտանիայի գեներալ Նիք Քարթերը: Ըստ Financial Times-ի, Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է անպատասխանատվության մեջ: Ըստ Մորավեցկիի՝ ՆԱՏՕ-ն ամենակարևոր դաշինքն է ազատությունն ու խաղաղությունը պաշտպանելու հարցում: Financial Times-ը մեջբերել է նաև Վաշինգտոնի Բրուքինգյան ինստիտուտի պաշտպանության փորձագետ Թոմաս Ռայթին. «Մակրոնի մեկնաբանությունները «իրական վնաս են հասցնում դաշինքին, որի հակառակորդները, ներառյալ Թրամփը, կարող են օգտվել դրանից»: Ռայթը Ֆրանսիայի նախագահի հետ հարցազրույցը անվանել է միտումնավոր սադրիչ: Economist-ի խմբագիր Շաշանկ Ջոշին գրել է. «Հնարավո՞ր էր ավելի ուժեղ վնասել դաշինքին, ինչն արեց Մակրոնը լոնդոնյան գագաթնաժողովից առաջ»: Daily Telegraph-ի սյունակագիր Մարկ Ալմոնդը խոստովանում է, որ Մակրոնի մեկնաբանության մեջ ճշմարտության հատիկ կա: Նա ասել է, որ Թուրքիայի միակողմանի գործողությունների, Ռուսաստանի ապակայունացնող քայլերի և ԱՄՆ վարչակազմի սառը վերաբերմունքի ֆոնին, դաշինքն իրոք բախվել է դժվարությունների: Ալմոնդը միաժամանակ նշել է, որ «Ֆրանսիայի նախագահի գաղափարները, թե ինչպես փոխել իրավիճակը, խոր թերություն ունեն»: Ըստ Ալմոնդի, Մակրոնն աջակցում է եվրոպական զինված ուժեր ընդլայնմանը՝ ռազմավարական ինքնավարության հասնելու համար, բայց գործնականում այդ մոտեցումը կբախվի եվրոպական անվտանգության կառուցվածքում ուժերի բացակայության և փոփոխությունների խնդիրներին: