Առաջին համաձայնագրով երկու կողմերը հստակեցրին հետագա համագործակցության մասին պատրաստակամությունը:
Մայքրոսոֆթ կորպորացիան և երկրի կառավարությունը միանգամից 4 փաստաթուղթ ստորագրեցին՝ դրանով հաստատելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի գերազանցությունը տարածաշրջանի երկրների նկատմամբ: Առաջին համաձայնագրով երկու կողմերը հստակեցրին հետագա համագործակցության մասին պատրաստակամությունը: Մեկ այլ համաձայնագրով Մայքրոսոֆթը նպատակ է դնում մեր երկրում տարածաշրջանային ինովացիոն կենտրոն բացել, որն աշխարհի տարբեր երկրներում գտնվող իր 100 կենտրոնների շարքում լավագույն 10-ից մեկը կդառնա:
2006-ին կնքված համաձայնագրով պաշտոնապես մուտք գործելով մեր երկիր՝ Մայքրոսոֆթն ահռելի ներդրում է ունեցել բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում: Իսկ ամենանշանակալին ինովացիոն կենտրոնի բացումն էր, որը 2012-ին ճանաչվել է աշխարհի 4 լավագույն կենտրոններից մեկը: Ամեն տարի այս կենտրոնը շուրջ 2 500 ուսանողի համար այնպիսի վերապատրաստում է ապահովում, որ նրանց 70-80 տոկոսն աշխատանքի է տեղավորվում: Իսկ ավելի քան 200 սկսնակ ձեռնարկություններ մասնակցել են տեխնոլոգիական միջոցառումներին:
Կրթության նախարարի հետ ստորագրված համաձայնագրով Մայքրոսոֆթն իր պատրաստակամությունը հաստատեց հանրակրթության համակարգում աջակցության ծրագրերի իրականացման վերաբերյալ: Արտոնյալ պայմաններով համակարգչային ծրագրերի պատշաճ լիցենզավորում կիրականացվի և Մայքրոսոֆթի միջոցով տարեկան կվերապատրաստվի մինչև 2 500 ուսանող:
Համաշխարհային հսկայի՝ Մայքրոսոֆթի քաղաքականության ակնհայտ ընդլայնումը և մեր երկրում նոր, մասշտաբային ծրագրերի մեկնարկը հնարավոր են դարձրել Մայքրոսոֆթի երևանյան գրասենյակի թիմը, կառավարության թիմը, ինչպես նաև ոլորտի տասնյակ հազարավոր մրցունակ մասնագետների բանակը: Նրանց շնորհիվ է Մայրքոսոֆթը Հայաստանը համարել տարածաշրջանում ամենահեռանկարային երկիրը:
Մանրամասները՝ տեսանյութում